2020-22 թթ-ին քաղաքացիական դատարանում 400 հազարից ավելի գործեր են ստացվել, որոնցից միայն 390 հազարը «մանր հայցերով» գործեր են․ ԲԴԽ-ն դատարանները բեռնաթափելու կարգավորում է մշակել
Դեկտեմբերի 11-ից բանկերը, վարկային կազմակերպությունները, էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները մինչև 2 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով իրենց դիմումները կներկայացնեն նոտարներին, այլ ոչ թե դատարան։ Այս մասին երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։

Այս առնչությամբ մենք զրուցել ենք Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցի հետ։
Նա տեղեկացրեց, որ այս աշխատանքը բավականին երկար ճանապարհ է անցել։ 2022 թվականի վերջից սկսած իրենք շատ լուրջ քննարկումների արդյունքում են եկել այս լուծմանը։

«Ընդ որում, բարձրացվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ նոտարների կողմից այդ գործառույթն իրականացնելու իրավաչափությունից սկսած, վերջացրած կարողությունների զարգացում և այլն: Եվ դա էր պատճառը, որ մեկ տարի ձգվեց ամբողջ պրոցեսը, որովհետև մենք ունենք խնդիր գրելու համապատասխան ձեռագիր՝ նոտարներին վերապատրաստելու ծրագրով, և նաև, իհարկե, օրենսդրություն, որը դեռևս ամառվանից ունեինք և արդեն մշակված վիճակում էր»,- ասաց Երանուհի Թումանյանցը։

Նա վստահեցրեց, որ այս որոշումից հետո նոտարների ծանրաբեռնվածության խնդիր չի լինի, և եթե անգամ որևէ նոտար ունենա ծանրաբեռնվածություն, ապա թե՛ ծրագրային,  թե՛ իրավական կարգավորումներն այնպես են տրամադրված, որ էական չէ, թե որտեղի նոտարիատ է ներկայացվել դիմումը, դա կգնա այն նոտարին, որն այդ պահին ծանրաբեռնված չէ։ Օրինակ՝ եթե Երևանը կամ մոտակա մարզերը համարվում են ծանրաբեռնված, այնտեղ ներկայացված դիմումը կարող է քննել այլ մարզի նոտարը, և որևէ խոչընդոտ այդ իմաստով գոյություն չունի։   
 
«Նոտարներն անցնում են շատ բարդ քննություն՝ մինչև նոտար նշանակվելը, և բավականին լուրջ հմտություններ պետք է ունենան որպես նոտար աշխատելու համար, ավելին՝ նրանք այս ընթացքում վերապատրաստվել են այս գործընթացում: Երկրորդը՝ ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա ոչ ոք չի փակել դատարանի դռները, և եթե առարկություն կամ որոշակի խնդիրներ լինեն, ապա դա ենթակա է բողոքարկման դատական ատյանում։ Բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս գործերի 95 տոկոսի դեպքում առարկություն անգամ չի ներկայացվում, այսինքն՝  դրանք այնպիսի գործեր են, որոնք գալիս են դատարան, դատարանը ստուգում է, հավաստվում է՝ արդյոք, օրինակ, իսկապես ճի՞շտ են ներկայացված, և կողմը հանդիսանո՞ւմ է այն կողմը, որը պետք է  լինի, այսինքն՝ այն հիմնական վավերապայմաններն են ստուգում և հաստատում են, որովհետև առարկություններ չեն լինում։ Մեր վերջին ուսումնասիրությունները նաև բերեցին այս փոփոխություններին, և նաև ամբողջ դատավորների համայնքը բնականաբար ուրախ է, որովհետև իսկապես, եթե հարաբերակցություն ենք վերցնում՝ նայած որ դատարանում որ դատավորի մոտ, բայց 10-20 տոկոս հիմնական գործերից բացի՝ մնացածը այդ մանր հայցերով գործերն են։ Եվ այո, մենք, ցավոք, կարող ենք փաստել, որ այսօրվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին երկու տարիների ընթացքում, խոսքը 2020-ից 2022 թվականների վիճակագրության մասին է, 400.000-ից ավելի գործեր ստացվել են քաղաքացիական դատարանում, որոնցից 390.000-ը միայն մանր գործերն են։ Տակը մեզ մնում էր 30-40.000 գործ, որը որ բաժանում ես, դատավորները կունենան 200-300 գործ։ Պարզապես կուտակված գործեր կան, որոշ գործերն ավարտելուց հետո արդեն դատավորների մոտ կլինեն բովանդակային, կարևոր գործեր, որոնք իրենք քննարկման առարկա կդարձնեն և արդեն ողջամիտ ժամկետների պահպանմամբ»,- ասաց Երանուհի Թումանյանցը։  

Այս պահին կա գործող 116 նոտար,  և ԲԴԽ անդամը վստահեցնում էր, որ իրենց հաշվարկներով՝ պետք է որ կարողանան բոլոր գործերը քննել, և այդպիսի խնդիր չի առաջանում, բայց  արդարադատության նախարարությունը հայտարարել է նաև նոտարների թեկնածուների որակավորման ստուգում այն տարածքներում, որտեղ կա նոտարի թափուր տեղ։ 
Այս առնչությամբ մենք զրուցել ենք նաև իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ։ 

«Սա կարող է լակմուսի թուղթ հանդիսանալ՝ պարզելու համար, թե արդյոք ծանրաբեռնվածության հարցն իրականում չէ՞ր մանիպուլացվում կամ չէ՞ր չարաշահվում որոշ դատավորների կողմից՝ իրականում իրենց ոչ բարեխիղճ վերաբերմունքը քողարկելու համար իրենց աշխատանքի նկատմամբ։ Ինչպես Կարեն Անդրեասյանը նշել է, դա հաջորդ տարվա կեսերից արդեն պարզ կլինի թվաբանորեն, թե որքան է դատավորների բեռնաթափումը, և դրանից հետո, եթե իրոք ամիսների ընթացքում վարույթների մեծամասնությունն իրենց լուծումը չստանա, ուրեմն այստեղ այլ խնդրի հետ գործ ունենք։ Ոչ մեկի անմեղության կանխավարկածը չխախտելով հանդերձ՝ արդեն ես կարծում եմ, որ կարգապահական վարույթ և հարուցող, և այն քննող մարմինը, տվյալ դեպքում՝ մասնավորապես արդարադատության նախարարությունը և ԲԴԽ-ն, լուրջ միջոցներ պետք է ձեռնարկեն դատավարական ժամկետների ձգձգումների դեմն առնելու համար, որովհետև այսօր ինչ-որ առումով ըմբռնումով մոտեցում է ցուցաբերվում դատավորների հանդեպ, որովհետև թղթի վրա կային նման վիճակագրական տվյալներ՝ ահռելի թվով դատական գործերի, բայց այսօր, երբ այդ դատական գործերը սկսեն աստիճանաբար մաղվել, փոխանցվել նոտարներին, արդեն պարզ կլինի, թե  ում համար էր դա իրոք լուրջ պատճառ ձգձգումների համար, իսկ ում համար՝ ընդամենը պատրվակ»,- ասաց իրավագետը։ 

Ի հավելումն նա ասաց, որ շատ կարևոր է այստեղ մատնանշել, որ խոսքը վերաբերում է քաղաքացիական դատարաններին, և այդ դատարանների գործերն են բեռնաթափվելու, բայց կան քրեական և վարչական գործեր, որոնք քննվում են ամիսներ կամ տարիներ՝ առանց որևէ հիմնավոր պատճառի։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան