Դատարանը մերժեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը․ այս տարի 14 դատական նիստեր չեն կայացել ամբաստանյալի պատճառով․ դատավորը կո՞ղմ է դատական նիստերն անվերջ ձգձգելուն
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդության մասին որոշումը։
Դատարանը մերժեց Գագիկ Խաչատրյանին կալանավորելու դատախազության միջնորդությունը` հաշվի առնելով հանգամանքները, որ Գագիկ Խաչատրյանի մոտ առկա են բազմաթիվ հիվանդություններ, և դատարանը ամբաստանյալի բացակայությունները ոչ հարգելի չի համարել։
Նշենք, որ նախորդ դատական նիստին մեղադրող դատախազը հանդես էր եկել Գագիկ Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդությամբ։ Ըստ մեղադրողի՝ քրեական գործը դատարան է ուղարկվել դեռևս 2020-ի օգոստոսին, այս տարվա ընթացքում նշանակվել է 14 դատական նիստ, որոնք չեն կայացել։ Ընդ որում, հիշատակված նիստերից 12-ը հետաձգվել են ամբաստանյալ Գագիկ Խաչատրյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ, 1 նիստ՝ նշանակված 09.06.2023թ., պաշտպան Երեմ Սարգսյանի չներկայանալու պատճառով և 1 նիստ՝ նշանակված 22.11.2023թ. ամբաստանյալների կողմից հարցաքննությանը պատրաստ չլինելու պատճառով․ «Սույն գործի դատաքննության ընթացքում արդեն կանխատեսելի դարձած մեղադրյալ Գագիկ Խաչատրյանի նմանօրինակ դատավարական վարքագծի դրսևորումը միտված է բացառապես դատական նիստերին չներկայանալուն և դատական նիստերն անվերջ ձգձելուն»։
Գագիկ Խաչատրյանը և իր եղբորորդի Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։
Հերթական նիստը տեղի կունենա հունվարի 8-ին ժամը 11-ին։