Դատախազը միջնորդեց Սերժ Սարգսյանին մեղավոր ճանաչել, սակայն ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում, Վահե Միսակյանի նախագահությամբ, շարունակվեց Սերժ Սարգսյանի կողմից մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար գործով դատական նիստը, որի ընթացքում դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով։

Սերժ Սարգսյանի հետ մեկտեղ նույն գործող ամբաստանվում են նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նույն նախարարության այլ պաշտոնյաներ։ Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը մահացել է 2020 թվականին։

Անտեսելով այդ հանգամանքը՝ Սերժ Սարգսյանը իր ընկերոջ՝ Բարսեղ Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ» ՍՊ ընկերության միջոցով վերջինիս համար գործարքից առավելագույն շահույթ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով ՀՀ նախագահի պաշտոնում պաշտոնավարելու հանգամանքով պայմանավորված իր բարձր հեղինակությունը, իր ենթակայության ներքո գտնվող մի խումբ պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ՀՀ կառավարությանը  վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով գումարի վատնման եղանակով հափշտակության կատարումը։

Քննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, ինչպես նաև վկաների ցուցմունքները դատախազը բավարար համարեց, որպեսզի ապացուցված համարվի Սերժ Սարգսյանի և մյուս ամբաստանյալների մեղքը։ Միաժամանակ, սակայն, անցել են հանցանքը կատարելու վաղեմության ժամկետները։ Ուստի դատախազը միջնորդեց ամբաստանյալներին մեղավոր ճանաչել, սակայն ազատել քրեական պատասխանատվությունից։

Ապա պաշտպանական կողմը միջնորդեց վերացնել ամբաստանյալ Սերժ Սարգսյանի խափանման միջոցը՝ նշելով, որ դրանք ուժի մեջ պահելու հիմքեր չկան։

Դատական հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 28-ին, որի ընթացքում ճառով հանդես կգա պաշտպանական կողմը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան