ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Բրյուսելում հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) գլխավոր քարտուղար Յան Սոնդերսի հետ։
ՊԵԿ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը և ԵՄ-ում ու ՀՄԿ-ում ՀՀ մաքսային կցորդ Միքայել Խաչատրյանը։
«Կողմերը քննարկել են Հայաստան-ՀՄԿ գործընկերության ընթացիկ արդյունքներն ու կարողությունների զարգացման առաջնահերթությունները։
ՊԵԿ նախագահը կարևորել է ՀՄԿ շարունակական տեխնիկական և փորձագիտական աջակցությունը՝ առանձնացնելով «Խելացի մաքսատուն» (Smart Customs) ծրագրի շրջանակում արհեստական բանականության, ռիսկերի կառավարման և թվային սահմանի ներդրման ուղղությամբ իրականացվող համատեղ քայլերը։
Անդրադարձ է կատարվել նաև նախորդ և ընթացիկ տարիներին մաքսանենգության դեմ պայքարի, հետբացթողումային հսկողության և ռազմավարական առևտրի վերահսկողության ոլորտներում անցկացված մասնագիտական դասընթացների արդյունավետությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: