Նառա, դու սո՛ւս. Զոհրաբյան անունով սուբյեկտը հատել է բարոյականության «կարմիր գծերը»


Ազգային ժողովում քիչ առաջ տեղի է ունեցել իր տեսակի մեջ ծայրահեղ զազրելի, քստմնելի ու անմարդկային, երեխաներին թիրախավորող երևույթ՝ ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, այժմ հայտնի չէ, թե ում շահերի պաշտպանության դիրքերից հանդես եկող մի սուբյեկտի՝ Նաիրա Զոհրաբյանի կողմից։ ԱԺ-ում «Հայաստան» դաշինքի կողմից հրավիրված, այսպես ասած, «քաղբանտարկյալների» թեմայով լսումների հրավիրյալների թվում էր վերոհիշյալ անձը՝ սոլիդ տարիքի կին, մայր, որը նախկինում եղել է նաև ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Եվ ուրեմն, սույն տիկինը, որը պատգամավորի պաշտոնից զրկվելուց հետո կորցրել է նաև ասունին՝ մարդուն, անասունից տարբերող  հատկանիշներից՝ կարեկցանք, ապրումակցում, բարոյականության «կարմիր գծեր», լսումների ժամանակ խոսելով մի խումբ մարդկանց, իրենց դիտարկմամբ, «քաղբանտարկյալի» կարգավիճակ ունեցողների իրավունքների խախտումներից՝  անմարդկային կերպով խախտել է մեկ այլ սոցիալական խմբի՝ երեխաների իրավունքները։ Վերհիշելով  օրերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությունը  իր դստեր վերաբերյալ սոցհարթակներում կատարված մեկնաբանության վերաբերյալ՝   Զոհրաբյանը տրվեց հոգեխանգարմունքին։  Թե՝ Դանիայում  ազատազրկված անձանց մահվան բերումով արդարադատության նախարարը հրաժարական է տալիս, իսկ մեզ մոտ. «Տեսնում ենք՝ արդարադատության նախարարը  բրազիլական սերիալ ա, ասում ա՝ գիտեք, իմ երեխային մահ են ցանկանում։ Տո լավ, է՜։ 2018 թվականին ողջ մարդկանց դռներին դագաղներ եք դրել, 2018 թվականին էն, ինչ որ դո՛ւք եք արել իմ հանդեպ՝ իմ երեխային SMS ուղարկելով, որ՝ մայրդ մահացել ա, դագաղը տարեք, մորգից մորդ վերցրեք, հիմա դուք, տիկին Գալյան, դուք չունեք ապրումակցում, դուք մի իշխանության ներկայացուցիչ եք, որը ողջ մարդկանց դռներին դագաղներ ա դրել։  Եվ էսօր դուք ասում եք՝ «իմ երեխային»։ Ձեր երեխան իմ երեխայից լավն ա՞։  Չէ։ Միակ բանը, որի հետ ձեր իշխանությունը չի կարող պայմանավորվել, դա բումերանգն ա։ Եվ բումերանգի թարս սալտոն, իմ հաշվարկներով, շատ արագ մոտենում ա»։


Համաձայնեք՝ բարոյականության, մարդասիրության, էմպատիայի, խղճի, ամոթի  «կարմիր գծեր» չունեցող մարդը միայն կարող է իր և ուրիշների երեխաների միջև համեմատություն անել՝ նրանց դասակարգելով լավի ու վատի։ Միայն ծայրաստիճան ցինիկը կարող է երեխաների իրավունքների պաշտպանության դիրքից հանդես գալով վեր դասել սեփական երեխային՝ թիրախավորել ուրիշի երեխային։


Բայց, ինչպես ասում են, բարոյականության «դասերը» մի կողմ դնենք ու անդրադառնանք Զոհրաբյանի՝ 2018 թվականին (ենթադրում ենք՝ հեղափոխության օրերը նկատի ունի) իր վերաբերյալ  դստերն ուղարկված ենթադրյալ հաղորդագրությանը։ Տիկին Զոհրաբյանը, դատելով նրա  հոգեվիճակի անհանգստացնող սիմպտոմներից, խառնել է ինչ-որ բան։ Նկատենք, որ 2018 թվականին նրա դուստրը չուներ երեխայի կարգավիճակ,  ամուսնացած էր ու երեխա ուներ։ Բայց եթե անգամ տիկին Զոհրաբյանի դուստրը 2018-ին երեխա եղած լիներ, ապա, բնականաբար, նրան վերոհիշյալ  բովանդակությամբ հաղորդագրություն ուղարկելը պարզապես անթույլատրելի է ու  խիստ դատապարտելի։


Եվ բացի դրանից՝  եթե Զոհրաբյանի դստերն իր մոր  մահվան մասին ինչ-որ ստահակ SMS է ուղարկել, ապա ինչո՞ւ է այդ մասին տիկինը  միայն այժմ բարձրաձայնում։ Ինչո՞ւ այդ օրերին չի դիմել ոստիկանություն՝ ստահակին հայտնաբերելու ու պատասխանատվության ենթարկելու պահանջով։


Ենթադրում ենք, որ ոչ ոք էլ նման բովանդակությամբ SMS չի ուղարկել  Զոհրաբյանի դստերը, և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղված երբեմնի պատգամավորը քաղաքական շահախնդրությունից ելնելով  ուղղակի ստում է, ընդ որում՝ անամոթաբար։  Նա հորինել է այս պատմությունը՝ ևս մեկ անգամ թիրախավորելու իշխանությանն ու կոնկրետ արդարադատության գործող նախարարին։


Այն, որ Զոհրաբյանը ստում է, ապացուցվում է մեկ այլ հանգամանքով՝ 2018 թվականի  հեղափոխության օրերին, երբ ինչ-որ մարդիկ վուլգար, անթույլատրելի «դագաղ» ակցիա էին իրականացնում, ԲՀԿ-ն՝ ի դեմս նաև Նաիրա Զոհրաբյանի, միացել էր հեղափոխությանը (ջուր էր մատակարարում, ինչպես բացահայտեց Գագիկ Ծառուկյանը)։ Ավելին, Նաիրա Զոհրաբյանը և ԲՀԿ-ն կողմ են քվեարկել «մարդկանց դռներին դագաղներ դնելով» նշանավորված հեղափոխության առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն։ Այնպես որ,  հեղափոխությանը միացած, այն ողջունած քաղաքական ուժի ներկայացուցչի դստերը միայն անադեկվատ, քաղաքական իրողությունից անտեղյակ  սրիկան  կարող էր «մահ» բառը հոլովող SMS ուղարկել։


Ու եթե անգամ որևէ սրիկա նման հաղորդագրություն է ուղարկել տիկին Զոհրաբյանի չափահաս դստերը, ապա դրա հետքերը պետք է փնտրել Սերժ Սարգսյանի թիմում, քանի որ նախկին նախագահի «ֆան քլաբ»-ն էր, որ շոկի էր ենթարկվել ԲՀԿ-ի «դավաճանությունից»՝ Սերժ Սարգսյանին մերժողներին միանալուց ու «գլխավոր մերժողին» վարչապետ դարձնելուց՝ ԱԺ-ում կողմ քվեարկելով։  

 

 Հ․Գ․ Ուշագրավ է, որ վերոհիշյալ լսումներին հրավիրված էր նաև երեխա՝ ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի 14-ամյա  դուստրը։  Նրա ելույթը ծափերով ընդունվեց թե դահլիճի, թե նիստը նախագահողների կողմից։ «Ուժեղ Հայաստան»-ական Արամ Վարդևանյանը ընդհուպ հուզվեց՝ արցունքների տեսքով։


Դահլիճը ծափերով ընդունեց նաև Նաիրա Զոհրաբյանի նման անթույլատրելի, երեխաներին թիրախավորող ելույթը՝ փաստորեն,  համաձայն լինելով, որ մեր երկրում կան որոշակի երեխաներ, որոնք այլ երեխաներից լավն են կամ վատն են՝ ըստ նրանց ծնողների քաղաքական հայացքների։ Նիստը նախագահող Աննա Գրիգորյանը ևս չդատապարտեց Զոհրաբյանի նման անթույլատրելի ելույթը՝ բավարարվելով  ընդամենը նշել. «Երեխաները պատասխանատվություն չեն կրում իրենց ծնողների արարքների համար, և որևէ ժամանակահատվածում՝ ո՛չ 2018 թվականին, ո՛չ հիմա որևէ երեխա երբևէ չպետք է թիրախավորվի իր ծնողի կատարած որևէ գործողության համար»։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ընդդիմության, վերջինիս դավանած արժեքների, մարդասիրության մասին։


Ի դեպ, սա այն նույն մահվան ու դագաղների մասին ճամարտակող Նաիրա Զոհրաբյանն է, որը «Հայրենիքի փրկության շարժում» կոչվող թյուրիմացության օրերին «ռուպռը» ձեռքն առած մահվան, ինքնասպանության ուղերձ էր հնչեցնում։ Թե՝ այն երկրների ղեկավարները, որոնց կապիտուլյացիայի են ենթարկել, երկու ճանապարհ են ունեցել՝ կամ հրաժարական են տալիս, կամ ինքնասպան լինում։ Տիկինն, ի դեպ, այս ուղերձում խոսում էր նաև հումանիտար ինչ-որ միջանցքի մասին։ Արդ, եթե նա մեկ ունցիա բարոյականություն ունենար, ապա վաղուց  օգտված կլիներ հումանիտար միջանցքից՝  ինքզինքը ցկյանս լիկվիդացնելով հանրային-քաղաքական տիրույթից։


Անվերապահորեն աջակցում ենք Գագիկ Ծառուկյանի անժամանցելի կոչին՝ «Նառա, դու սո՛ւս»։

  

  Հ. Մ.