Այսօր Հակակոռուպցիոն քրեական դատարանում՝ նախագահությամբ Տիգրան Դավթյանի, նշանակված էր Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան, հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանի վերաբերյալ քրեական վարույթի նախնական դատալսումներով առաջին դատական նիստը։
Մեղադրող դատախազը նոյեմբերի 29-ին հաստատել էր Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության:
Միքայել Մինասյանը, ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրության, 2008 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2013 թվականից մինչև 2018 թվականը հանդիսանալով ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ՝ Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, որպիսի հանգամանքներով պայմանավորված՝ լինելով պաշտոնատար անձ, «Հանրային ծառայության մասին» և «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքներով սահմանված՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ մինչև 2016 թվականն ինչպես անձամբ, այնպես էլ իր մտերիմներ Արմեն Պետրոսյանի և Լեոնիդ Արևշատյանի միջոցով մասնակցել է 2010 թվականին հիմնադրված՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության կառավարմանը՝ օրինականացնելով հիշյալ ապօրինի գործունեության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:
Այսպես. ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 21-ի թիվ 435-Ն որոշմամբ՝ ՀՀ էներգետիկայի նախարարության «Հայէներգանորոգում» ՓԲ ընկերության գույքի կազմից առանձնացված «ՁորաՀԷԿ» տեղամասի՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի ներդրմամբ ստեղծվել է «ՁորաՀԷԿ» ՓԲ ընկերությունը, որի բաժնետոմսերի կառավարման լիազորությունը ՀՀ կառավարության 2002 թվականի հունվարի 15-ի թիվ 36-Ն որոշմամբ վերապահվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը:
2010 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակվել է ««ՁորաՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերության կողմից գույքի օտարման խոշոր գործարք կնքելուն հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության գաղտնի որոշման նախագիծը, որով առաջարկվել է թույլատրել պաշտպանության նախարարությանը հավանություն տալու խոշոր գործարքի կնքմամբ՝ 3 մլրդ 600 մլն ՀՀ դրամ գումարով ընկերության գույքի օտարմանը Միքայել Մինասյանին փոխկապակցված անձանց՝ Արմեն Պետրոսյանի և Լեոնիդ Արևշատյանի կողմից բրիտանական Վիրջինյան կղզիներում հաշվառված «Էմ Ջի Դի Սի ինք» առևտրային ընկերության և «Վոդ Գրուպ» ՍՊ ընկերության միջոցով 2010 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված և փաստացի Միքայել Մինասյանի կողմից ղեկավարվող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:
Ներկայացված նախագիծը գաղտնի ընթացակարգով քննարկվել է ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի նիստում, և ընդունվել է թիվ 1660-Ն որոշումը, որի հիման վրա 2010 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված գույքի առուվաճառքի պայմանագրով «ՁորաՀԷԿ» ՓԲ ընկերության 4 մլրդ 646, 4 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով գույքը 3 մլրդ 600 մլն ՀՀ դրամով օտարվել է «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերությանը:
Այսօրվա դատական նիստը, սակայն, չկայացավ պաշտպանական կողմի չներկայանալու պատճառով։ Միքայել Մինասյանի պաշտպաններ Բենիկ Գալստյանն ու Տիգրան Ղազարյանը դատարան գրություն էին մուտքագրել, որով խնդրել էին նշանակված դատական նիստը հետաձգել, քանի որ ծանրաբեռնված են այլ՝ նախապես նշանակված դատական նիստով։ Խնդրել են բացակայությունը համարել հարգելի։
Նկատի ունենալով, որ առանց պաշտպանական կողմի ներկայության հնարավոր չէ նիստը շարունակել, դատավորը այն հետաձգեց մեկ այլ հերթի։