Քոչարյանների ներկայացուցիչները միջնորդեցին վերացնել «Սիրուշո փրոդաքշնի», ինչպես նաև Լևոն և Սիրանույշ Քոչարյանների 22 մլրդ դրամի վրա եղած արգելանքը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և իր ընտանիքի ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Քոչարյանի ներկայացուցիչներն առարկեցին, որ նիստը տեսա- և լուսանկարահանվի։

Նիստի ընթացքում «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանը միջնորդեց վերացնել ընկերության շարժական և անշարժ գույքի վրա դրված արգելանքը։

Հիշեցնենք, որ «Նաիրի ինշուրանսի» 60 տոկոսի բաժնետեր է հանդիսանում Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի Լևոն Քոչարյանը։
Ըստ ընկերության ներկայացուցչի՝ «Նաիրի ինշուրանսի» կանոնադրական կապիտալը կազմում է 1 մլրդ 790 մլն դրամ, իսկ շարժական և անշարժ գույքի մասնաբաժինը կազմում է ընդամենը 385 մլն, որը ընկերության ընդհանուր կապիտալի՝ 4 մլրդ դրամի 9 տոկոսն է կազմում միայն։

Մանե Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ ընկերությունը չի կարողանում մասնակցել գնումների գործընթացի, քանի որ որոշ դեպքերում գնման գործընթացի ընթացակարգերում կա դրույթ, համաձայն որի, ապահովագրական ընկերությունը կարող է մասնակցել գնման գործընթացին, եթե իր նկատմամբ չկա կիրառված որևէ արգելանք։

Հաջորդ արգելքը, ըստ Մարտիրոսյանի, կապ ունի ընկերության անշարժ և շարժական գույքի տնօրինման հետ։ Որևէ գործարք ընկերությունը չի կարողանում իրականացնել։

Հայցվոր դատախազ Գևորգ Քոչարյանը խնդրեց ընկերության ներկայացուցչին գրավոր կերպով ներկայացնել պնդումների հիմնավորվածությունը, որպեսզի Դատախազությունը համոզված լինի, որ հայցի ապահովման միջոցները էապես ազդում են ընկերության բնականոն գործունեությանը, որից հետո միայն Դատախազությունը կկարողանա դիրքորոշում հայտնել միջնորդության վերաբերյալ։  Դատախազը նշեց, որ իրենք նպատակ չունեն որևէ կերպ խոչընդոտել ընկերության գործունեությանը։

Միջնորդություն ուներ նաև Լևոն և Սիրանույշ Քոչարյանների ներկայացուցիչը, որով դատարանից խնդրեց վերացնել Սիրանույշ Քոչարյանին պատկանող «Սիրուշո փրոդաքշնի» գույքերի վրա դրված արգելանքը՝ ինչպես նաև վերացել Լևոն և Սիրանույշ Քոչարյաններին պատկանող ավելի քան 21 մլրդ դրամի վրա դրված արգելանքը։

 Դատախազն ասաց, որ ուսումնասիրության նախնական արդյունքներով Դատախազությունը «Սիրուշո փրոդաշն» ընկերությունը դիտարկել է որպես ապօրինի ձեռք բերված, սակայն ուսումնասիրության վերջնական արդյունքներով ընկերությունը դուրս է եկել ապօրինի գույքերի ցանկից։
 
Ինչ վերաբերում է 21 մլրդ դրամի վրա դրված արգելանքին Գևորգ Քոչարյանն ասաց, որ եթե ուսումնասիրության   նախնական արդյունքներով դատարանից խնդրել էին  ապահովման միջոցներ կիրառել Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված անձանց բոլոր գույքերի  նկատմամբ, ապա հայցադիմումով պահանջում են բռնագանձել միայն այն գույքերը, որոնք օրենքի իմաստով պատկանում են Ռոբերտ Քոչարյանին։

 Եթե դատարանը միջնորդությունը հիմնավոր համարի և բավարարի, Դատախազությունը, ամենայն հավանականությամբ, նոր միջնորդություն կներկայացնի, որով կխնդրի դատարանին նոր միջոցներ կիրառել Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված անձանց դրամական միջոցների վրա։
Նույնանման՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդություն ներկայացրեց նաև Սեդրակ Քոչարյանի և Զարուհի Բադալյանի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը։
 
Ուսումնասիրության նախնական արդյունքներով՝ ապօրինի են դիտվել և ենթակա են բռնագանձման  Քոչարյաններին պատկանող հետևյալ գույքերը՝
  • 20 միավոր անշարժ գույք՝ առավելապես Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շենքերում.
  • 2 տրանսպորտային միջոց.
  • Մասնակցություն՝ հայաստանյան և արտասահմանյան 18 իրավաբանական անձերում. 
  • Ավելի քան 1.5 միլիոն ԱՄՆ դոլարի ավանդներ և արժեթղթեր.
  • Շուրջ 10 միլիարդ դրամի ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառություններ.
  • Շուրջ 22 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի, բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների և այլ ծախսված միջոցների հանրագումար, որը չի նույնականացվել:
 
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Վովա Հակոբյան