Արտաշատում բացվել է վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա

«Կապիտալ ներդրումների առումով Արարատի մարզի առողջապահական պատկերը լիովին փոխվում է:Արտաշատում բացվեց վերակառուցված ու վերազինված պոլիկլինիկա»: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:


«Արտաշատն այսուհետև ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկը. ամենալավը` թե՛ պայմանների և թե՛ մասնագետներով ու սարքավորումներով համալրման առումներով»,- վերակառուցված եռահարկ պոլիկլինիկայի պայմաններին ծանոթանալուց հետո նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:


Կառավարության 2021-2026թթ․ միջոցառումների ծրագրի շրջանակներում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ իրականացված Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցման ու վերազինման համար պետական բյուջեից հատկացվել է 390 մլն դրամ, իսկ վերազինման համար` 141 մլն դրամ:


Շուրջ 50 տարի առաջ կառուցված շենքը չուներ ջեռուցման համակարգ, կոյուղատարներից մինչև էլեկտրալարեր ու տանիք հնամաշ էին:


Այսուհետ Արտաշատի պոլիկլինիկայում հարմարավետ ու անհրաժեշտ սարքավորումներով համալրված պայմաններում են տրամադրվելու առաջնային օղակի լայնածավալ բուժծառայությունները` լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններից մինչև ընտանեկան բժիշկների ու նեղ մասնագետների խորհրդատվություն:


Ակտիվ շինարարական փուլում են Մասիսի և Վեդիի բժշկական կենտրոնները և համայնքային մի շարք ամբուլատորիաներ. Արտաշատում արդեն իսկ բացվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղը: