Անհասկանալի զուգադիպությամբ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարանում էր նիստերից մեկ օր առաջ, կամ էլ նիստի ընթացքում գնում է սանհանգույց և 20 րոպե հետո պարզվում է, որ չի կարող ներկայանալ նիստին․ Աննա Վարդապետյան
«Բոլորովին վերջերս դատախազությունը ստիպված միջնորդություն ներկայացրեց իրավունքի չարաշահման հիմքով Գագիկ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու պահանջով, դատարանը մերժեց միջնորդությունը, բայց մենք կբողոքարկենք դատական ակտը»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործի վերաբերյալ Պետրոս Ղազարյանի դիտարկումներին առ այն, որ 2020 թվականի օգոստոսից մինչ օրս դատական գործը շարունակվում է։

Վարդապետյանը նշեց, որ 14 դատական նիստ է տեղի ունեցել վերջին 8 ամիսների ընթացքում, որից 12-ը չի կայացել Գագիկ Խաչատրյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ.  «Մեզ  համար անհասկանալի զուգադիպությամբ  Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարանում էր նիստից մեկ օր առաջ, մինչ այդ ամբողջ ընթացքում չի եղել տվյալ, որ նա ստացիոնար բուժման մեջ է եղել, գտնվել է իր տանը, նիստից առաջ վատ է զգացել։ Կամ գալիս են դատարան, նիստը բացում են, և Գագիկ Խաչատրյանը իրեն վատ է զգում և, օրինակ, գնում է  սանհանգույց, ու 20 րոպե հետո պարզվում է, որ Գագիկ Խաչատրյանը չի կարող ներկայանալ նիստերի դահլիճ»։

Վարդապետյանը նշեց, որ խափանման միջոցի փոփոխությունը այդ իրավունքի չարաշահման գործընթացը կկասեցնի, ու բովանդակային ևս մի քանի նիստից հետո կավարտեն դատական գործը։