Թվերն այնքան մեծ են, որ մտապահել չի ստացվում. քննությունը ցույց կտա՝ Սեդրակ Քոչարյանը տաղանդավոր բիզնեսմե՞ն է, թե՞ մենք գործ ունենք ապօրինի ծագման գույքի հետ. Աննա Վարդապետյան
«Քոչարյան ընտանիքին վերաբերող հայցը, Խաչատրյան ընտանիքին վերաբերող հայցը, դրանք գումարներ են, որոնք ձեռք են բերվել ոչ օրինական ճանապարհով»: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը  տված հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ որոշ գործերի։

Վարդապետյանը հավելեց. «Սեդրակ Քոչարյանը 19 տարեկանում սկսել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, 20 տարեկանում մեծ ֆինանսական հոսքեր է ունեցել»։

Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե միգուցե Սեդրակ Քոչարյանը տաղանդավոր բիզնեսմեն է, Վարդապետյանը ասաց. «Կարծում եմ, որ դռնբաց դատական նիստերը ու քննությունը ցույց կտան՝ անձը տաղանդավոր բիզնեսմե՞ն է, թե՞ մենք գործ ունենք ապօրինի ծագման գույքի հետ»։

Հարցին, թե ինչ ծավալի ֆինանսական թվերի մասին է խոսքը, Վարդապետյանը պատասխանեց. «Թվերն այնքան մեծ են, որ մտապահել ինձ մոտ չի ստացվում, բոլորի մասին տվյալներ մեր կայքում կան»։