Միհրան Պողոսյանը ՌԴ-ում ունի փախստականի կարգավիճակ. ՌԴ գլխավոր դատախազության իմ կոլեգայի հետ միասին հետևողական աշխատանք ենք իրականացնում, որպեսզի անձը կարողանա փոխանցվել ՀՀ-ին. Աննա Վարդապետյան
«ՌԴ գլխավոր դատախազության իմ կոլեգայի հետ միասին հետևողական աշխատանք ենք իրականացնում, որովհետև անձը գտնվում է ՌԴ-ում, որպեսզի կարգավիճակի հետ կապված քննարկումները իրենց իրավական գործընթացների շրջանակներում հասնեն տրամաբանական ավարտին, ու անձը կարողանա փոխանցվել ՀՀ-ին մեր խնդրանքի հիման վրա»: Այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչ փուլում է  ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Միհրան Պողոսյանին ՀՀ-ին հանձնելու պրոցեսը։

Վարդապետյանը նշեց, որ Պողոսյանը ունի փախստականի կարգավիճակ, և այդ կարգավիճակը անձին պաշտպանում է, և այդ կարգավիճակը անհրաժեշտ է հաղթահարել. «Դրա հաղթահարման գործիքներն էլ կան։ Մենք միջազգային իրավական մեր գործընկերության շրջանակներում փաստաթղթերը փոխանցել ենք և անընդհատ թարմացվող տեղեկատվություն ենք տալիս, որպեսզի մեր գործընկերները կարողանան մեզ օգնել և անձին վերադարձնեն ՀՀ»։ 

Հարցին, թե հույս կա՞, որ ՌԴ-ից կվերադարձնեն Պողոսյանին, ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց. «Իրավական գործընթացները մեզ համար հույս ներշնչող են. այսպես դիվանագիտորեն պատասխանեմ գործին չվնասելու համար»:

Ըստ գլխավոր դատախազի՝ Միհրան Պողոսյանը ոչ միայն մեկ տոննա թմրանյութի մաքսանենգության գործի շրջանակներում է հետապնդվում, այլ նաև Հակակոռուպցիոն կոմիտեում նրա հետ կապված վարույթ կա հարուցված. «Նաև կա դրվագ ընտանիքի հետ կապված, մանսնավորապես՝  կնոջ հետ կապված: Խաչատրյանի կինը որոշակի գույք է ձեռք բերել Իսպանիայի Հանրապետությունում՝ Գրանադայում, այս մասով ևս վարույթ կա հարուցված, և քննություն է իրականացվում»։   

Մանրամասները՝ տեսանյութում