Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ու նրա կինը՝ Միլենա Գասպարյանը, հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ azdarar.am-ից։ Ըստ ծանուցագրերի՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել են ամփոփագրեր։ Առուշանյանն ու Գասպարյանը դատախազություն պետք է ներկայանան վաղը՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 14։30-ին։
Առուշանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2022 թ. իր հայտարարագրում, նշենք, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող Գորիսում գտնվող երկու հողամաս, որոնցից մեկը գնել է 2017-ին, մյուսը նվիրատվություն է ստացել 2019-ին, արտադրական նշանակության 1 շինություն, որը գնել է 2017-ին, նորակառույց շենքում 1 բնակարան, որը գնել է 2019-ին։ Որպես կանխիկ դրամ Առուշանյանը տարեվերջում հայտարարագրել է 300 հազար ԱՄՆ դոլար, 100 հազար եվրո և 210 մլն դրամ, որպես եկամուտ՝ համայնքապետարանից ստացած 2 մլն 152 հազար դրամ աշխատավարձը։
Առուշանյանը նաև ZIL մակնիշի 1930 թ. արտադրության բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային միջոց է հայտարարագրել, բանկային հաշվին էլ տարեվերջին ունեցել է 334 հազար 248 դրամ։ Առուշանյանը Գորիսի համայնքապետն է 2017 թվականից, անդամակցում էր Սյունիքի նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, որից դուրս է եկել նախորդ տարի։ Վերջինս հեղափոխությունից հետո մի քանի քրեական գործերով էր անցում։
Հիշեցնենք՝ Առուշանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2022-ի մարտի 28-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ինքնիրավչության համար։ Դատարանը որոշել էր համայնքի ղեկավարին 5 տարի ժամկետով զրկել տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, տուգանել նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով, վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 ամիս 18 օր ժամկետով, որը պայմանականորեն չէր կիրառվել:
Առուշանյանն արդարացվել էր իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով։ Դատախազությունը բողոքարկել է վճիռն ու պահանջում է բեկանել արդարացման դատական ակտը, կայացնել նոր որոշում և գործով անցնող ամբաստանյալներին, այդ թվում՝ Առուշանյանին, մեղավոր ճանաչել:
Հ․Մ․