Նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Այդ մասին հայտնում են նախարարությունից։
Նախքան խորհրդակցության մեկնարկը ՌՈ պետն անձնակազմին է ներկայացրել ռազմական ոստիկանության նորանշանակ պաշտոնատար անձանց, այնուհետև անցել խորհրդակցության հիմնական մասին, որի ժամանակ քննարկվել են օպերատիվ վիճակի, կատարողական կարգապահության, կանխարգելիչ բնույթի աշխատանքների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ հարցեր։
ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը տվել է հանձնարարականներ՝ կարգապահության ամրապնդման, կարգազանց զինծառայողների հայտնաբերման, արատավոր բարքերի, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, քրեորեն հետապնդելի արարքների նախականխման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու, ինչպես նաև անհատական ու ընդհանուր բնույթի կանխարգելիչ միջոցառումները նպատակային և արդյունավետ դարձնելու վերաբերյալ։