Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը

ԿԳՄՍՆ-ն ցավով տեղեկացնում է, որ 90 տարեկանում կյանքից հեռացել է հայ երաժշտագիտական մտքի, երաժշտական կրթության նշանավոր ներկայացուցիչ, գիտնական, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գուրգենի Բուդաղյանը։


«Արմեն Բուդաղյանը ողջ մասնագիտական կյանքը նվիրել է հայ երաժշտարվեստի ուսումնասիրությանը, երաժշտագիտական մտքի զարգացմանը, երաժշտական կրթության ամրապնդմանը և երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակությանը։ Նրա բազմակողմանի գործունեությունը նշանակալի ներդրում է հայ երաժշտագիտության և երաժշտամշակութային կյանքի պատմության մեջ։


Արմեն Բուդաղյանը սովորել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ որպես ջութակահար, այնուհետև 1960 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը, իսկ 1963 թվականին՝ երաժշտագիտության բաժինը։ Անվանի երաժշտագետը մասնագիտական գիտելիքները կատարելագործել է Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ ռուս և խորհրդային երաժշտության պատմության ամբիոնում, պրոֆեսոր Գեորգի Տիգրանովի ղեկավարությամբ։


ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը 1970 թվականին պաշտպանել է «Հայկական ջութակային սոնատի զարգացման ուղիները» թեկնածուական ատենախոսությունը, որը կարևոր գիտական ներդրում էր հայկական ջութակային երաժշտության պատմության ուսումնասիրության և համակարգման գործում։


Նա 1967 թվականից աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնում՝ որպես դասախոս, ավագ դասախոս, դոցենտ և պրոֆեսոր, իսկ 1976-1982 թվականներին ղեկավարել է նույն ամբիոնը։


Արմեն Բուդաղյանի գիտական հետաքրքրությունների շրջանակը լայն է․ նրա ուսումնասիրություններում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմությունը, երաժշտական ժանրերի զարգացումը, առանձին կոմպոզիտորների և կատարողների ստեղծագործական ժառանգությունը։


Նրա գիտական և հրապարակախոսական ժառանգությունն ընդգրկում է հարյուրավոր հոդվածներ՝ տպագրված տարբեր պարբերականներում: Վերջինս հեղինակել և խմբագրել է բազմաթիվ մենագրություններ ու ուսումնամեթոդական աշխատանքներ, ինչպես նաև նշանակալի մասնակցություն է ունեցել Երևանի պետական կոնսերվատորիայի հոբելյաններին նվիրված հրատարակությունների պատրաստման գործում։


Արմեն Բուդաղյանը տարիներ շարունակ կոնսերվատորիայում դասավանդել է երաժշտության պատմության ընդհանուր և մասնագիտական դասընթացներ, ղեկավարել արտասահմանյան երաժշտության պատմության մասնագիտացումը և ուսանողների գիտական աշխատանքները։


Երկար տարիներ ղեկավարելով կոնսերվատորիայի ուսանողական գիտաստեղծագործական ընկերությունը՝ Արմեն Բուդաղյանը նշանակալի դեր է ունեցել ուսանողական գիտական կյանքի կազմակերպման և զարգացման գործում։ Նրա նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ կազմակերպվել են հանրապետական և համամիութենական միջբուհական գիտաժողովներ, ինչպես նաև «Ուսանող և գիտություն» համամիութենական օլիմպիադայի կազմակերպչական աշխատանքները։


Ավելի քան կես դար Արմեն Բուդաղյանն եղել է Հայաստանի երաժշտական հասարակական կյանքի ակտիվ մասնակիցը․ նրա գործունեության կարևորագույն ուղղություններից էր «Դպրոցականի ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը, որի անփոխարինելի դասախոսներից, կազմակերպիչներից և գաղափարական նվիրյալներից էր։ Տարիներ շարունակ նա իր գիտելիքներն ու սերը երաժշտության հանդեպ փոխանցել է հազարավոր դպրոցականների՝ նպաստելով մատաղ սերնդի երաժշտական ճաշակի ձևավորմանն ու գեղագիտական դաստիարակությանը։


Արմեն Բուդաղյանի անցած ճանապարհը գիտական նվիրումի, մանկավարժական պատասխանատվության և մշակութային արժեքներին անմնացորդ ծառայելու օրինակ է։ Նրա վաստակը չափվում է ոչ միայն գիտական աշխատություններով ու իրականացրած ծրագրերով, այլև այն սերունդներով, որոնց փոխանցել է իր գիտելիքները, մասնագիտական փորձը, երաժշտարվեստի նկատմամբ սերն ու պատասխանատվությունը։ Նա 2017 թ․ պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով, արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։


Արմեն Բուդաղյանի անունն ու վաստակը մշտապես կմնան հայ երաժշտագիտական մտքի և երաժշտական կրթության պատմության մեջ։


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Արմեն Բուդաղյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և նրա արվեստն ու գործունեությունը գնահատող բոլոր մարդկանց՝ կիսելով կորստի վիշտը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։