«Դաշնակ սթայլ» կամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Լևոն Տեր-Պետրոսյանի

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ակնհայտորեն շփոթի մեջ է։ Հատկապես՝ տեղեկատվական, որը, գուցե, ի հայտ է եղել հիշողության սելեկտիվ խափանման պատճառով։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք իրեն «կառուցողական ընդդիմության» «բրենդի» ներքո դիրքավորած,  44-օրյա պատերազմից հետո էլ իրեն «ողջախոհության ճրագ» հռչակած ՀԱԿ առաջնորդը տևական ժամանակ է՝ դադարել  է լինել և՛ կառուցողական, և՛․․․«ողջախոհության ճրագ», հատկապես՝ «ողջախոհության ճրագ»։ Այլապես չէր  ողջունի այնպիսի  մարգինալ կազմակերպությունների հայտարարությունները, ինչպիսիք են, օրինակ, «Ժուռնալիստների միություն» և  «Դատավորների միություն» ՀԿ-ները։ Մասնավորապես «Դատավորների միություն»-ը , նշենք, օրերս նոր Սահմանադրության մասին հայտարարություն էր տարածել, որում «ահազանգել» էր «դատական իշխանության անկախությանն ու հեղինակությանը սպառնացող» դրույթների վերաբերյալ։ Եվ ահա, ՀԱԿ առաջնորդը բռնել ու իր հերթին է հայտարարություն տարածել  սույն հայտարարության վերաբերյալ, որում «սրտանց հիացել» է «Հայաստանի դատավորների խիզախությամբ»։ Ինչպիսի սրտաճմլիկ տեսարան։  «Հայտարարությունը թերևս ամենալուրջ փաստաթուղթն է՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի սողացող դիկտատուրայի դեմ։ Փաստաթուղթ, որը ոչ միայն կարող է իրադրություն փոխել, այլև, վերջապես, նպաստել նրա հաստատած դաժան լծից ազատվելու հրամայականին։ Մի բան, որ տարիներ ի վեր չի հաջողվել ընդդիմությանը։ Չեմ կասկածում, որ միջազգային պատկան մարմինները ամենայն լրջությամբ կարձագանքեն Հայաստանի դատավորների միության սպառիչ հայտարարությանը։ Սրտանց հիանում եմ Հայաստանի դատավորների խիզախությամբ։ Հայաստանի ժուռնալիստների և դատավորների միությունների հայտարարությունները շրջադարձային երևույթներ են, որոնց ազդեցությունը շուտով կզգացվի։ Դրանց տակից Փաշինյանն ի վիճակի չէ դուրս գալ։ Օղակը սեղմվում է»,- ահազանգել, թե սպառնացել է սեղմվող օղակի «մասնագետ»  առաջին նախագահը։


Նրանք, ովքեր հետևողականորեն հետևել են առաջին նախագահի՝ անցած տարիների հայտարարություններին, վստահաբար նկատած կլինեն, որ սպասվող «արմագեդոնների», «սեղմվող օղակների», օրվա իշխանությանը մնացած  «հաշված օրերի» մասին նա քանիցս է հայտարարել, ընդ որում՝ թե Սերժ Սարգսյանի նախագահության օրոք,  թե նաև հեղափոխությունից հետո։ Բայց մեզ շոկի  ենթարկող հանգամանքն այս դեպքում  Տեր-Պետրոսյանի  հիացմունքն էր այնպիսի մի կառույցի հանդեպ, որը գլխավորող անձը ժամանակին «կարմիր օղակի» մեջ էր առնվել որպես անմեղ մարդկանց դատած դատավոր՝ արժանի պատժի։ Օղակի մեջ առնողն էլ․․․ ոչ դես, ոչ դեն՝ Հայ ազգային կոնգրեսն էր։ Ժամանակին՝ 2008-2009 թվականներին, հիշեցնենք, ՀԱԿ-ը անմեղ մարդկանց ապօրինի դատապարտած դատավորների «սև ցուցակ» էր կազմել ու հրապարակել, որոնց մեջ էր նաև Ալեքսանդր Ազարյանը՝ վերոհիշյալ ՀԿ-ի նախագահը։ Այո, այո, որպես «Մարտի 1»-ի գործով՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով 2018-ին քրեական հետապնդման ենթարկվող Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավոր  հիշվող անձ, որի լիազորությունները դադարեցվել են 2022 թվականի սեպտեմբերի 22-ին՝ իր ներկայացրած հրաժարականի դիմումի հիման վրա։ Նա մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը։


Ազարյանը  «Մարտի 1»-ի գործով ամենաակտիվ դատավորներից էր, որը որպես նախագահող դատավոր քննել և մեղադրական դատավճիռներ է կայացրել «Մարտի 1»-ի գործերով անցնող մի շարք ընդդիմադիր գործիչների ու քաղաքացիների վերաբերյալ, որոնց ՀԱԿ-ը և իրավապաշտպանները որակում էին որպես քաղբանտարկյալներ՝ Արամ Բարեղամյան, Ֆելիքս Գևորգյան, Արմեն Խուրշուդյան, Արա Հովհաննիսյան։ ՀԱԿ-ի կազմած այդ ցուցակում, ի դեպ, ներառված էին հետևյալ դատավորները՝ Գագիկ Պողոսյանը, Գագիկ Ավետիսյանը,  Արշակ Վարդանյանը, Ժորա Վարդանյանը, Վազգեն Ռշտունին և այլք։


Տեր-Պետրոսյանը, փաստորեն, հիացած է Ազարյանի ղեկավարմամբ գործող միության հայտարարությամբ և, ստացվում է, դեմ է դատական համակարգում նոր Սահմանադրությամբ առաջարկվող դատավորների, այսպես ասած, «վեթինգին»՝ մի սևեռուն նպատակ, անանց իղձ, տենչ, որը ՀԱԿ-ը հետապնդում էր դեռևս 2008-ից սկսած։


Եվ ուրեմն, դեռևս 2019-ին ՀԱԿ-ը մի հայտարարություն էր տարածել կառավարության հնգամյա ծրագրի վերաբերյալ, որում առանձին կետով անդրադարձել էր «դատաիրավական համակագի վերափոխմանը, արդարության հաստատմանը»։ Մեջբերենք․ «ա) Որպես առաջնային քայլ դատական համակարգը պետք է մաքրել, ազատել դատավորի բարձր կոչումը վարկաբեկած, կոռումպացված ու կամակատար դատական կադրերից: Շինծու ու կեղծ մեղադրանքներով անմեղ անձանց կալանավորած ու դատապարտած, ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները գիտակցաբար ու միտումնավոր ոտնահարած բոլոր դատավորները, օրենքով սահմանված կարգով, ոչ միայն պետք է հետ կանչվեն իրենց զբաղեցրած պաշտոններից, այլև պատասխան տան դատարանի առաջ:


բ) Անցումային արդարադատության կիրառում․ ստեղծել Արդարության վերականգնման միջգերատեսչական հանձնաժողով, որում կընդգրկվեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, դատախազության, արդարադատության նախարարության, ոստիկանության, ԱԱԾ-ի, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը պետք է՝ ա) վեր հանի մարտիմեկյան ոճրագործության ընթացքում քաղաքացիների ազատությունների և իրավունքների ոտնահարման բոլոր փաստերը, բ) պարզի և հաշվառի տուժողների շրջանակը, գ) առաջարկի անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ և ձեռնարկի կոնկրետ քայլեր քաղաքացիների իրավունքների վերականգնման ուղղությամբ: Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները կվերականգնվեն աշխատանքում, հնարավորություն կստանան վերականգնելու սեփականության և բիզնեսի նկատմամբ իրավունքները կամ կստանան համարժեք փոխհատուցում՝ կրած զրկանքների դիմաց»: Հիանալի է, ինչ խոսք։



Այս նույն ձևակերպումները, նկատենք, տեղ էր գտել նաև Հայ ազգային կոնգրեսի 2021 թ. նախընտրական ծրագրի՝ արդարադատությանը վերաբերող բաժնում։ 

 


Դատավորների «վեթինգի» գաղափարին, նկատենք, ՀԱԿ-ը անդրադարձել է նաև 2026 թ. հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ներկայացրած իր նախընտրական ծրագրում։ Դրա՝ դատական բարեփոխումներին վերաբերող բաժնում կարդում ենք․ «Ապօրինի վճիռներ կայացրած, անմեղ քաղաքացիներ ապօրինի կալանավորած, քաղաքացիների սեփականության ու հիմնարար իրավունքները դիտավորությամբ ոտնահարած բոլոր դատավորները կենթարկվեն կարգապահական ու քրեական պատասխանատվության, կդադարեցվեն նրանց լիազորությունները։ Կներդրվի առաջին ատյանի դատարանների երկօղակ կառուցվածք. 1) Տեղական դատարաններ՝ ոչ ծանր գործեր ու մինչև 3 մլն դրամ քաղաքացիական վեճերի վարույթ; 2) Ավագ դատարաններ՝ ծանր հանցագործություններ ու 3 մլն դրամից ավելի գույքի շուրջ վեճերի վարույթ»։



Հիմա դառնանք նոր Սահմանադրության՝ դատական իշխանությանը վերաբերող կառուցակարգերին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է պաշտոնավարող բոլոր դատավորների մեկանգամյա վերագնահատում։ Ստուգվելու են նրանց մասնագիտական կարողությունները, վարքագիծը, գույքի համապատասխանությունն օրինական եկամուտներին և դատավորի պաշտոնին ներկայացվող մյուս պահանջները։ Գնահատումը կիրականացնի հատուկ հանձնաժողովը, որի անդամներին կընտրի Ազգային ժողովը։ Գնահատման արդյունքները հնարավոր կլինի բողոքարկել Սահմանադրական դատարան։



Տեր-Պետրոսյանն, ի դեպ, ինչպես մի առիթով է ասել՝ տեքստի մարդ է, ուստի գուցե թախանձենք, որ որևէ բանի մասին, այն էլ այնպիսի կարևոր բանի, ինչպիսին Սահմանադրությունն է, հայտարարություն անելուց առաջ պարոն նախագահն ընթերցի դրա բուն տեքստը՝ օբյեկտիվ պատկերացում կազմելու համար, և ոչ թե  դատողություններ անի՝ խանդավառված տարատեսակ շահագրգիռ խմբակների սուբյեկտիվ «ընթերցումներով», շատ հաճախ՝ տարընթերցումներով։

 

Հ. Մ.