Վահան Կոստանյանը պանելային քննարկման ժամանակ ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Նոյեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Ռեստարտ» քաղաքական-երիտասարդական հիմնադրամի կազմակերպած՝ երիտասարդների հետ «MaskOFF» պանելային քննարկմանը։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։


Քննարկումն անցել է հարցուպատասխանի ձևաչափով։ Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և անդրադարձել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ իրականացվող քայլերին։ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է հաստատված խաղաղության պայմաններում երկու երկրների միջև արդեն իսկ ձևավորվող փոխգործակցության դրական դինամիկան:


Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և այդ համատեքստում նաև ավելի մանրամասն ԹՐԻՓՓ նախագծի իրականացմանը: Քննարկվել են նախագծի տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքների բաղադրիչները և դրանց կարևորությունը։


Եվրոպական ինտեգրման գործընթացին առնչվող հարցերի շրջանակում մանրամասն քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության և անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացման և հետագա խորացման ուղղությամբ տարվող աշխատանքները:


Հարցուպատասխանի ընթացքում Վահան Կոստանյանն ընդգծել է նաև միջազգային գործընկերների հետ ռազմավարական գործընկերությունների մասին փաստաթղթերի կնքման գործնական նշանակությանը:


Ավելի լայն համատեքստում անդրադարձ է կատարվել նաև հարևան երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և այլ պետությունների հետ հարաբերություններին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում Հայաստանի օրակարգին և նախաձեռնություններին։


Քննարկման ավարտին Վահան Կոստանյանը կարևորել է երիտասարդների հետ նման ձևաչափով քննարկումների պարբերական անցկացումը՝ որպես արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման և երիտասարդների հետ անմիջական երկխոսության հնարավորություն, ինչպես նաև խրախուսել է նրանց մասնակցել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության կողմից հայտարարված արտաքին մրցույթին: