Գագիկ Խաչատրյանը դատարան է գալիս զրահապատ, «Մերսեդես S»-ով, հետևաբար Ջհանգիրյանի գործի հետ համեմատելի չէ. «դերասանը» կրկին չէր ներկայացել նիստին․ տեսանյութ
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը հերթական անգամ չկայացավ՝ կրկին ամբաստանյալ Խաչատրյանի չներկայանալու պատճառով։ 

Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց նիստը շարունակել առանց Գագիկ Խաչատրյանի։ Դատախազն առարկեց, քանի որ առանց մեղադրյալի հնարավոր չէ անցկացնել դատական նիստեր։ Դատավորը նիստը հետաձգեց։

Այսօրվա նիստի ընթացքում պետք է հարցաքննվեր վկա Սեդրակ Առուստամյանը, որը շուրջ մեկ տարի է՝ ներկայանում է նիստերին, սակայն հնարավորություն չի ունենում հարցաքննվելու։ Նախորդ նիստի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել թույլատրել Գագիկ Խաչատրյանին մեկնել Գերմանիա՝ բուժում ստանալու նպատակով։ Դատախազը ինչպես նախորդ, այնպես էլ այս նիստի ընթացքում հնարավորություն չունեցավ ներկայացնելու իր դիրքորոշումը այս հարցի հետ կապված։ Չկայացած նիստից հետո դատախազ Գևորգ Սարգսյանն ասաց, որ պարզ է պաշտպանական կողմի ամբողջ տակտիկան, որով փորձ է արվում այս ամբողջ գործընթացը համապատասխանեցնել Եվրադատարանի արտահայտած դիրքորոշումների հետ և դրանցում նմանություններ գտնել, ինչը, ըստ դատախազի, ընդհանրապես տեղին չէ։

Սարգսյանի խոսքով՝ եթե պաշտպանական կողմը նպատակադրված չձգձգեր նիստերը, ապա հնարավորություն կլիներ այս դատական քննությունն ավարտելու։ 

Նախորդ նիստի ընթացքում Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը իրավիճակը համեմատեց Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության Եվրոպական դատարանի վճռի հետ, որով ՄԻԵԴ-ը գտել էր, որ Ջհանգիրյանին խոշտանգել են և խախտել իր իրավունքները։

Ըստ դատախազի՝ պաշտպանը խեղաթյուրել  և յուրովի է մեկնաբանել ՄԻԵԴ-ի վճիռը։

Անդրադառնալով Ջհանգիրյանի գործի հետ համեմատությանը՝ Սարգսյանն ասաց, որ Գագիկ Խաչատրյանը, ի տարբերություն Ջհանգիրյանի,  գտնվում է ազատության մեջ։ Բացի դրանից՝ դրսում նրան վիրահատած բժշկի կողմից Հայաստանի Հանրապետությունում զննման  և հետազոտության է ենթարկվել՝ ինչպես փաստում են պաշտպանների ներկայացրած փաստաթղթերը։  

Գործը դատարան ուղարկելուց առաջ ստացված դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ Խաչատրյանը, ինչպես նշեց Գևորգ Սարգսյանը, ընդհանրապես վիրահատության կարիք չի ունեցել, իսկ դատարանի կողմից նշանակված փորձաքննության համաձայն՝ արձանագրվել է, որ Գագիկ Խաչատրյանն ունի պլանային վիրահատության կարիք։

Իսկ պատրաստվո՞ւմ է արդյոք դատախազը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավորին՝ հաշվի առնելով հանգամանքը, որ դատարանը իր որոշումներով ևս նպաստում է դատաքննության ձգձգմանը։ Սարգսյանը զերծ մնաց ներկայումս այդ մասով դիրքորոշում արտահայտելուց, չնայած փաստեց, որ դատավորն իր գործողություններով ինքն իրեն և մեղադրող կողմին զրկում է արդարադատություն իրականացնելու և վկային հարցաքննելու հնարավորությունից։
 
 
Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան