3 մեղադրյալ կալանավորված է, 3-ը՝ տնային կալանքի տակ. ՔԿ մանրամասները` էկոնոմիկայի նախարարությանն առնչվող գործից
ՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներից։
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը Civic.am-ին հայտնեց, որ ՀՀ ՔԿ կողմից հունվարի 31-ին հրապարակված հաղորդագրության մեջ նշված քրեական վարույթներից մեկով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 7 անձի նկատմամբ, որոնցից 4-ը՝ պաշտոնատար անձինք, 3-ը՝ այլ։ Դատարանը ամբողջությամբ բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ 6 միջնորդություններից 4-ը, իսկ 2-ը բավարարել է մասնակի։
Մասնավորապես, մեկով խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, մյուսով կալանքը կիրառել է 1ամսով։
Ընդհանուր առմամբ 3 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 1-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Մյուս քրեական վարույթով հունվարի 31-ին ձերբակալված պաշտոնատար անձի նկատմամբ ևս, բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, դատարանը որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։