Դատարանն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանին դատապարտեց 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան:
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով բժշկական կենտրոնի ղեկավար, այդ բուժհաստատության աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով նրանց պարտադրել է մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկել և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելու դեպքի առթիվ։
Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր
ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը 2021 թ խորհրդարանական ընտրություններից առաջ, աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ վերջիններս պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։
«Ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները, ունեմ ձեր բոլորի հասցեները, անուն ազգանունները և տեսնելու եմ՝ ով ա գնացել ընտրության և ով չի գնացել ընտրության։ Հավատացեք ով չի գնացել ընտրության ես դիտարկելու եմ իմ խոսքը չկատարող, իմ խնդրանքը, իմ հորդորը, իմ պահանջը չկատարող։ Իսկ եթե որևէ մեկը այստեղ նստածներից չի կատարել տնօրենի խնդրանքը, հորդորը, պահանջը, տնօրենը և տնօրինությունը բացարձակ նույն և շատ ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու իրենց նկատմամբ։ Էդպիսի արտահայտություն կա չէ՞, համարժեք պատասխան։ Պատասխանը խիստ անհամարժեք է լինելու, որովհետև էսօր դուք որոշում եք իմ երեխայի, իմ թոռան բախտը։ Դուք որոշում եք իմ սերունդների ճակատագիրը, ինչպես նաև ես եմ որոշում ձեր սերունդների ճակատագիրը... Ես հանձնարարել եմ նաև բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին, որպեսզի գործընթացը ամսի 20-ին իրենք ստուգեն, հետևողական լինեն, մի քանի անգամ կարող է ձեզ զանգեն, մինչև դուք չգնաք ընտրությունների։ Սա քաղաքական միջոցառում չի, սա քաղաքացիական պարտքը կատարելու միջոցառում է»,-աշխատակիցներին սպառնացել էր Չարչյանը՝ շարունակելով․ «Շատ լավ գիտեմ, որ օրենք կա հիվանդանոցներում, դպրոցներում, մշակույթի օջախներում և այլն քարոզչություն կատարել չի թույլատրվում, քարոզչություն կատարողը պատժվում է և ես օրենքի առաջ միշտ եղել եմ պարզ։ Չնայած էնտեղ գումարը մեծ չի 200 հազար դրամ է, բայց անգամ 2 լումա վճարել չեմ ցանկանում, որովհետև դա ոչ թե գումարի խնդիր է այլ օրինապաշտության։ Ես իմ օրինապաշտությունը պահում եմ, մի ընկալեք սա որպես քարոզչություն։ Առաջին պարտադրանքս, հորդորս գնալ ընտրությունների, երկրորդը՝ մենք բոլորս աշխատում ենք Մայր Աթոռի պատկան կառույցում, հիվանդանոցը պատկանում է Մայր Աթոռին։ Մայր Աթոռի միանշանակ դիրքորոշումը սկսված դեկտեմբերից, պատերազմից հետո, Վեհափառ հայրապետի առաջին ուղերձից և դրանից հետո երեք անգամ հաստատված, և վերջինը՝ մի շաբաթ, 10 օր առաջ էր։ Մայր Աթոռի դիրքորոշումը հետևյալն է՝ ներկա իշխանությունները ապաշնորհ են, տապալել են ամեն ինչ և նրանք պետք է հեռանան։ Սա ես ձեզ տեղեկացնում եմ Մայր Աթոռի դիրքորոշումը։ Այսինքն՝ ձեր գործատուն ունի էդ դիրքորոշումը։ Ես ձեզ չեմ հորդորում գնացեք քվեարկեք սրան նրան։ Մայր Աթոռի դիրքորոշումն է, որ ներկա իշխանություններին չպետք է քվեարկել»։
Ձայնագրության հրապարակումից հետո ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։