Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի ենթադրյալ ապօրինի հանդիսացող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։ Նրանց ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Գրիգորյանը և Ամրամ Մակինյանը միջնորդեցին դատարանին թույլատրել գրավոր փաստաթղթերը համարել գրավոր ապացույցներ։ Դատավոր Կարապետ Բադալյանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը։
Հաջորդիվ Վահագն Գրիգորյանը ներկայացրեց իրենց հարցումների պատասխանները, ըստ որոնց, Սերժ Սարգսյանը Կառավարական առանձնատունը հանձնել է 2018 թվականի հոկտեմբերին, իսկ թե երբ է տեղափոխվել այնտեղ բնակվելու` Կառավարական առանձնատուն ՊՈԱԿ-ը չի կարողացել պատասխանել, քանի որ Սարգսյանը Ձորաղբյուրի առանձնատանը բնակվել է մինչ ՊՈԱԿ-ի ստեղծումը, իսկ փաստաթղթեր չկան։
Սարգսյանը, մյուս հարցման համաձայն, Ազգային անվտանգության և Ներքին գործերի նախարար աշխատած ընթացքում ՆԳՆ ֆինանսաբյուջետային վարչության կողմից վճարումներ, աշխատավարձ, գործուղումների համար գումար չի ստացել։
Պետական պահպանության ծառայությունն էլ տվյալներ չի ունեցել Սերժ Սարգսյանի՝ Տերյան 66 շենքում բնակվելու վերաբերյալ։
Այս տվյալները պաշտպանը միջնորդեց համարել որպես գրավոր ապացույցներ։ Պաշտպանները պնդում են, որ Դատախազությունը հաշվի է առել միայն Սերժ Սարգսյանի ստացած աշխատավարձերը և հաշվի չի առել պարգևավճարները, գործուղումներից ստացած վճարներն ու աշխատավարձին հավասարեցված այլ վճարները։ Հենց այդ պատճառով են հարցումներ արել պետական տարբեր գերատեսչություններ՝ հասկանալու համար, թե որքան վճարումներ է ստացել Սարգսյանը։
Դատախազ Տիգրան Ենոքյանն էլ նշեց, որ այդ տվյալները առկա են գործի նյութերում և հաշվի առնվել են։
Հաջորդիվ՝ Գրիգորյանը ներկայացրեց ապացույցների հետազոտման ժամկետը երկարաձգելու միջնորդություն՝ այն սահմանելով մինչև ապրիլի 1-ը։
Դատախազը՝ ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն չտեսավ և դիրքորոշում հայտնեց, որ միջնորդությունը պետք է մերժել։
Դատավորը նկատեց, որ պետական գերատեսչությունները կարճ ժամկետներում պատասխանել են պաշտպանական կողմի հարցումներին, որից հետո կողմը լրացուցիչ հարցումներ չի կատարել, չնայած դրա համար ունեցել է բավարար ժամանակ։ Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը չէր ներկայացրել հարցումների պատասխանները, այդ հիմքով դատարանը երկարաձգեց ժամկետը մինչև մարտի 1-ը։
Հաջորդ միջնորդությամբ Սարգսյանների պաշտպանները միջնորդեցին փորձաքննություն նշանակել։ Գրիգորյանը միջնորդեց նշանակել դատաֆինանսատնտեսագիտական և դատահաշվապահական փորձաքննություն։ Միաժամանակ՝ միջնորդությունը բավարարելու դեպքում կասեցնել գործի քննությունը՝ մինչև փորձաքննության եզրակացության ստացման պահը։
Դատախազն առարկեց պաշտպանների միջնորդությանը։
Դատարանը միջնորդության վերաբերյալ որոշում կկայացնի հետագայում և կտրամադրի կողմերին։ Այսպիսով դատական նիստը հետաձգվեց։
Հիշեցնենք, որ Դատախազությունը պահանջում է Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել՝
-2018թ․ փետրվարի 9-ին «Արարատ բանկ» ընկերությունում ներդրված 107 մլն 998 հազար 657 դրամ ավանդը, իսկ անհնարինության դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ։
-2022թ․ ապրիլի 11-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը համապատասխան ավանդային հաշվին առկա գումարի նկատմամբ հաշվարկված տոկոսները։
-2018թ․ փետրվարի 9-ին նույն բանկում ներդրված ավանդի կուտակած 44 միլիոն 280 հազար 352 դրամի չափով տոկոսները։
-2022թ․ ապրիլի 11-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Արարատ բանկ» ընկերության հաշվին առկա 44 միլիոն 280 հազար 352 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։
-Ռիտա Սարգսյանի ժառանգ Սաթենիկ Սարգսյանից, օրենքի իմաստով, որպես Սերժ Սարգսյանին պատկանող գույք, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Ռիտա Սարգյանի անվամբ 2018 թվականի փետրվարի 12-ին «Արարատբանկ» ընկերությունում ներդրված օրենքի իմաստով՝ Սերժ Սարգսյանին պատկանող և Սաթենիկ Սարգսյանին ժառանգությամբ փոխանցված 95 մլն դրամի ավանդը, իսկ անհնարինության դեպքում՝ Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք դրամական միջոցներ։ Սաթենիկ Սարգսյանի՝ բարեխիղճ ձեռքբերող հանդիսանալու դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ բռնագանձել Սերժ Սարգսյանից։
-2021թ․ մայիսի 12-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Արարատբանկ» ընկերությունում նշված ավանդային հաշվին առկա 95 մլն դրամ գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները, անհնարինության դեպքում՝ Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք դրամական միջոցներ, իսկ բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ բռնագանձել Սերժ Սարգսյանից։
-Ռիտա Սարգսյանի անվամբ 2018թ․ փետրարի 12-ին «Արարատբանկ» ընկերությունում ներդրված, օրենքի իմաստով՝ Սերժ Սարգսյանին պատկանող և ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված ավանդի նկատմամբ կուտակված 30 մլն 435 հազար 975 դրամի չափով տոկոսները, անհնարինության դեպքում՝ Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել համարժեք դրամական միջոցներ։
-2021թ․ մայիսի 12-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Արարատբանկ» ընկերության համապատասխան հաշվում առկա 30 մլն 435 հազար 975 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ, անհնարինության դեպքում՝ բռնագանձել համարժեք դրամական միջոցներ Սաթենիկ Սարգսյանից, իսկ բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու դեպքում՝ համարժեք դրամական միջոցներ բռնագանձել Սերժ Սարգսյանից։
-Սաթենիկ Սարգսյանից, որպես օրենքի իմաստով Սերժ Սարգսյանին պատկանող գույք, հօգուտ ՀՀ-ի բռնագանձել Երևանի Տերյան փողոց, 66 շենքի 64-րդ բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ Սերժ Սարգսյանից բռնագանձել գույքի շուկայական արժեքը՝ 260 մլն 900 հազար դրամ։
-Երևանի Տերյան փողոց, 66 շենքի 39 հասցեի ավտոկանգառը, անհնարինության դեպքում՝ Սերժ Սարգսյանից բռնագանձել նշված գույքի շուկայական արժեքը՝ 10 մլն 660 հազար դրամ։
-Երևանի Տերյան փողոց, 66 շենքի թիվ 39-րդ ավտոկայանատեղին (խմբ․ 2 ավտոկայանատեղիներն էլ ունեն 39-րդ համարը), իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել շուկայական արժեքը՝ 10 մլն 660 հազար դրամ։
-Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 165 մլն 854 հազար 249 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ՝ բռնագանձումը տարածելով նաև համատեղ կյանքի ընթացքում Ռիտա Սարգսյանի անվամբ առևտրային բանկերում առկա, ինչպես նաև ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված դրամական միջոցների վրա։
-186 մլն 584 հազար 328 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2006-2021թթ․ ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել՝ բռնագանձումը կրկին տարածելով համատեղ կյանքի ընթացքում Ռիտա Սարգսյանի անվամբ առևտրային բանկերում առկա, ինչպես նաև ժառանգությամբ Սաթենիկ Սարգսյանին փոխանցված դրամական միջոցների վրա։
Վովա Հակոբյան