Դատախազությունը ստացել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը: Այս մասին Civic.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։  

Մեր հարցին, թե միջնորդության հետ կապված որոշում կա՞, դատախազությունից բացասական պատասխան տվեցին։ 
Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ավելի վաղ հայտարարել էր, որ կմիջնորդի, որպեսզի փոխվեն «Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների՝ Աշոտ Հովհաննիսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցները:

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով ձերբակալվել էին էկոնոմիկայի նախարարի՝ պաշտոնից ազատված տեղակալ Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատել է «Սիներջի» ընկերությունում, «Սիներջի» ընկերության հիմնադիր և ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։ Ավելի ուշ Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը, մյուս երեքը կալանավորվել էին: