«Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրենին և աշխատակցին կալանավորելու որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ դատարանում
Երեկ՝ փետրվարի 7-ին, «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և ընկերության աշխատակից Լիլի Մկրյանի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան՝ իրենց վստահորդների կալանքի որոշումը բողոքարկելու համար։ Այս մասին հայտնում են բողոքը ներկայացրած փաստաբանները։ Նշենք, որ արդեն մեկ շաբաթ է անազատության մեջ են պահվում «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության կողմից պետական գնումների մասնակցության գործով կալանավորված անձինք։

Ներկայացված բողոքներով փաստաբանների կողմից վիճարկվում է թե՛ ընկերության ներկայացուցիչների կողմից հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածը, թե՛ խափանման միջոցի հիմքերի առկայությունը։ Փաստաբաններն ընդգծում են, որ իրենց վստահորդներին մեղսագրվում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն դրդելու  և օժանդակելու արարքները։ Այսինքն՝ ենթադրյալ հանցանքը կատարել է պաշտոնատար անձը, բայց վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ քննությանը խոչընդոտելու ավելի մեծ ռիսկ ունեն ենթադրաբար հանցանքին դրդած կամ օժանդակած մասնավոր անձինք։

Հիշեցնենք, որ նախաձեռնված վարույթի շրջանակներում ենթադրյալ դրդչության և օժանդակության համար կալանավորում խափանման միջոցն է կիրառվել ընկերության հիմնադիր-տնօրենի և մեկ աշխատակցի նկատմամբ։ Կալանավորված մյուս գործընկերը չի հանդիսանում ընկերության աշխատակից։ Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը երաշխավորագիր է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ վերանշյալ անձանց կալանքը փոխելու  համար, սակայն դատախազությունը դեռ որոշում չունի այդ առթիվ։