ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) 2023 թ․ մայիսին
հաղորդագրություն էր տարածել, համաձայն որի՝ ՊՎԾ-ն քաղաքացու հանրագրի հիման վրա մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում:
Հանրագիրը վերաբերել է գնումների ընթացակարգերին և «Հանրային ռադիոընկերության» ու «Էյչ Ընդ Էյչ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում տնօրենի գործողություններում պաշտոնական դիրքի չարաշահման, անփութության, պետական միջոցների վատնման ռիսկերի առկայությանը:
Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ շուրջ 112 մլն դրամի ծառայություններ չեն իրականացվել գնման մրցակցային գործընթացների շրջանակում: Պարզվել է նաև, որ ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման շրջանակում նախատեսվել են աշխատանքներ, որոնց ճշգրիտ չներկայացման պատճառով՝ կապալառու ընկերությանը շուրջ 2.8 մլն դրամ ավել գնով աշխատանք է ներկայացվել:
Իրականացված մշտադիտարկման արդյունքներն ուղարկվել էին Գլխավոր դատախազություն:
Civic.am-ը ՀՀ գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե ինչ է պարզել Դատախազությունը ՊՎԾ-ի մշտադիտարկման վերոհիշյալ արդյունքների վերաբերյալ։
Մեզ ուղղված պատասխանում Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնել են, որ «ՀՀ պետական վերահսկողական ծառայության տարածած հաղորդագրությամբ նշված փաստի վերաբերյալ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում 2003 թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի առաջին մասով (համապատասխանում է 2021 թ․ մայիսի 5-ին ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասին) նախաձեռնվել է քրեական վարույթ (2023 թ․մայիսի 24-ին), որի նախաքննությունը շարունակվում է»։
Դատախազության վկայակոչած հոդվածը վերաբերում է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն։
Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության կամ այլ պետության առևտրային կամ այլ կազմակերպության աշխատողի, արբիտրի, աուդիտորի, պահառուի, կառավարչի կամ նոտարի կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս այդ կազմակերպության շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին»։
Civic.am-ը հարցում է ուղարկել նաև «Հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանին՝ մասնավորապես խնդրելով հայտնել, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը։
Նշենք, որ «Էյչ Ընդ Էյչ» ՍՊԸ-ի հետ որպես պատվիրատու, Գարեգի Խումարյանը պայմանագիր է ստորագրել 2022 թ․ հունիսի 17-ին՝ ՀՀ հանրային ռադիոընկերության շենքի ձախ մասնաշենքի 4-րդ հարկի հատվածի և առաջին հարկի երեք սենյակների վերանորոգման աշխատանքների համար։ Civic.am-ը Ֆինանսների նախարարության armeps.am կայքից տեղեկացավ, որ պայմանագրի ընդհանուր արժեքն է 27 մլն 569 հազար 972 դրամ։ Պայմանագրի կետերից տեղեկացանք, որ հիշյալ գինը ներառում է կապալառուի կողմից իրականացվող բոլոր ծախսերը։
Կապալառուն իրավունք չունի պահանջել ավելացնելու, իսկ պատվիրատուն՝ նվազեցնելու գինը։
Հ․Գ․Գարեգին Խումարյանի պարզաբանումը
Հայտնում եմ, որ ՊՎԾ-ն սկսած 2022 թվականի ամռանից մինչ օրս Հանրային ռադիոընկերության աշխատանքը տարբեր ձևաչափերով (մշտադիտարկում, ուսումնասիրություն, հարցում և այլն) ստուգել է առնվազն 7-8 անգամ`միջինում 2-3 ամիսը մեկ պարբերականությամբ, ինչը, կարծում եմ, ինքնին փոքրիկ ռեկորդ է։ ՊՎԾ-ի հետ երբևէ առնչված Ձեր հարգելի ընթերցողները, վստահ եմ, սա կհաստատեն։ Չեմ բացառում, որ ստուգումները նույն ինտենսիվությամբ շարունակվեն նաև այս տարի։ Այդպիսի ստուգումներից մեկի արդյունքներին, այո, արձագանքեցին իրավապահները։ Ձեր հարցման մեջ մեջբերված 112 մլն դրամը վերաբերում էր Ընկերությանում քաղիրավական պայմանագրերով աշխատող մեր գործընկերներին, իսկ 2,8 մլն դրամը՝ վերանորոգմանը՝ մասնավորապես նախահաշվային արժեքի մեջ թույլատրելի փոփոխություններին և ավելացումներին:
Առաջինի (112 մլն-ի) մասով գործը փակվեց դեռ չհարուցված՝ ուսումնասիրության փուլում։ Այդպիսի քրեական վարույթ չկա և չի եղել, որովհետև հանցակազմի բացակայությունը խիստ ակնհայտ է։ Երկրորդի (2,8 մլն-ի) մասով կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում, որպես վկա տվել եմ ցուցմունքներ և ներկայում սպասում եմ վարույթի կարճմանը՝ կրկին հանցակազմի բացակայության հիմքով։ Ինչպես նշեցի նախորդիվ, չեմ բացառում նոր ստուգումներ՝ հղի նորանոր վարույթների հարուցմամբ և կարճմամբ։ Իրավիճակին մոտենում եմ ըմբռնումով, որովհետև գիտակցում եմ, որ ստուգող և իրավապահ մարմինների հետ պարբերական շփումը Հանրային ռադիոընկերության անկախության գինն է։ Համարենք, որ աշխատավարձ ստանում եմ նաև այդ բանի համար։