ՀՀ առաջին ատյանի 8 դատարաններում քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա. Ո՞ր դատարաններում է նախատեսվում համալրում
Կառավարությանն առաջարկվում է ընդունել որոշում՝ Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումները կյանքի կոչելու, և ըստ այդմ ավելացնել  առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 10 դատավորով՝ համաձայնություն տալով ԲԴԽ առաջարկությանը: Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունվարի 26-ի առաջարկությամբ դատավորների թվակազմը պետք է ավելանա հետևյալ համամասնությամբ՝

1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թվակազմը՝ 2 դատավորով,

2) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը՝ 2 դատավորով,

3) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը՝ 1 դատավորով,

4) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը՝ 1 դատավորով,

5) Արարատի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը՝ 1 դատավորով,

6) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը՝ 1 դատավորով,

7) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը՝ 1 դատավորով,

8) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը՝ 1 դատավորով:
 
Նախագծին կից հիմնավորման մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քննվել է 1108 գործ, որից 475-ը՝ Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի կողմից, իսկ 633-ը՝ ՀՀ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից:

Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննվել է թվով 6667 քրեական վարույթ, որոնցից 853-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 2749-ի մասով վարույթը կարճվել է։ Նշված ժամանակահատվածում Հատուկ քննչական ծառայության, այնուհետև Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվել է 10 քրեական վարույթ, որոնցից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ քրեական վարույթը կարճելու մասին որոշումներ չեն կայացվել։ Պետական եկամուտների կոմիտեում նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ։  
 
Հարկ է նկատի ունենալ, որ կարճված գործերի քանակն առանձին հաշվարկվել է՝ հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխությունից հետո նախաքննություն իրականացնող մարմիններն այլևս մինչդատական փուլում վարույթները կարճելու հնարավորություն չեն ունենալու։ Հետևաբար միայն կարճված գործերի քանակով հաշվարկ կատարելու դեպքում ավելացող գործերի քանակը մոտավորապես կազմում է 1834 գործ (4583*12/30), իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի
 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ դատարան ստացված գործերի թիվը տարեկան կկազմի մոտ 444 գործ (1108*12/30):