Civic.am-ը երեկ
տեղեկացրել էր, որ Դատախազությունը քրեական վարույթ է հարուցել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում Պետական վերահսկողական ծառայության մշտադիտարկման արդյունքներով հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ։ Մենք հարցում էինք ուղարկել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանին՝ խնդրելով հայտնել, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը, արդյոք սույն վարույթի շրջանակներում մասնակցե՞լ է քննչական գործողությունների, եթե այո, ապա ի՞նչ դատավարական կարգավիճակ ունի ինքը։
Պարոն Խումարյանը մեզ ուղղված պարզաբանման մեջ նախ նշել է. «Ակնկալում եմ, որ պարզաբանումս կհրապարակվի ամբողջությամբ, առանց կրճատումների և պատշաճ վերնագրով, ինչպես նաև նույն կերպ՝ առանց կրճատումների կզետեղվի Ձեր ներկայացրած կայքում 13.02.24-ին արդեն հրապարակված «Դատախազությունը քրեական վարույթ է հարուցել «Հանրային ռադիոընկերություն»-ում ՊՎԾ-ի արձանագրած խախտումների վերաբերյալ» վերնագիրը կրող հոդվածում, որտեղ ՊՎԾ-ի և Դատախազության դիրքորոշման կողքին ակնհայտորեն պակասում է Հանրային ռադիոընկերության մեկնաբանությունը»։
Ներկայացնում ենք «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ տնօրենի պարզաբանումը, ինչպես որ նա ակնկալել է, ամբողջությամբ, առանց կրճատումների։ Ընդգծենք նաև, որ սույն պարզաբանումը ներառել ենք նաև 13.02.24-ին արդեն հրապարակված «Դատախազությունը քրեական վարույթ է հարուցել «Հանրային ռադիոընկերություն»-ում ՊՎԾ-ի արձանագրած խախտումների վերաբերյալ» վերնագիրը կրող հոդվածում։
«Հայտնում եմ, որ ՊՎԾ-ն սկսած 2022 թվականի ամռանից մինչ օրս Հանրային ռադիոընկերության աշխատանքը տարբեր ձևաչափերով (մշտադիտարկում, ուսումնասիրություն, հարցում և այլն) ստուգել է առնվազն 7-8 անգամ՝ միջինում 2-3 ամիսը մեկ պարբերականությամբ, ինչը, կարծում եմ, ինքնին փոքրիկ ռեկորդ է։ ՊՎԾ-ի հետ երբևէ առնչված Ձեր հարգելի ընթերցողները, վստահ եմ, սա կհաստատեն։ Չեմ բացառում, որ ստուգումները նույն ինտենսիվությամբ շարունակվեն նաև այս տարի։
Այդպիսի ստուգումներից մեկի արդյունքներին, այո, արձագանքեցին իրավապահները։ Ձեր հարցման մեջ մեջբերված 112 մլն դրամը վերաբերում էր Ընկերությունում քաղիրավական պայմանագրերով աշխատող մեր գործընկերներին, իսկ 2,8 մլն դրամը՝ վերանորոգմանը՝ մասնավորապես նախահաշվային արժեքի մեջ թույլատրելի փոփոխություններին և ավելացումներին:
Առաջինի (112 մլն-ի) մասով գործը փակվեց դեռ չհարուցված՝ ուսումնասիրության փուլում։ Այդպիսի քրեական վարույթ չկա և չի եղել, որովհետև հանցակազմի բացակայությունը խիստ ակնհայտ է։
Երկրորդի (2,8 մլն-ի) մասով կա հարուցված քրեական գործ, որի շրջանակներում որպես վկա տվել եմ ցուցմունքներ և ներկայում սպասում եմ վարույթի կարճմանը՝ կրկին հանցակազմի բացակայության հիմքով։
Ինչպես նշեցի նախորդիվ, չեմ բացառում նոր ստուգումներ՝ հղի նորանոր վարույթների հարուցմամբ և կարճմամբ։
Իրավիճակին մոտենում եմ ըմբռնումով, որովհետև գիտակցում եմ, որ ստուգող և իրավապահ մարմինների հետ պարբերական շփումը Հանրային ռադիոընկերության անկախության գինն է։
Համարենք, որ աշխատավարձ ստանում եմ նաև այդ բանի համար»։
Հեղինե Մանուկյան