Գագիկ Խաչատրյանը կրկին չէր ներկայացել դատարան. դատախազը մեղադրում է պաշտպաններին և դատավորին
Պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով հերթական նիստը հերթական անգամ չկայացավ։ Պատճառը ամբաստանյալ Խաչատրյանի չներկայանալն էր։ Նրա պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է, նրան շտապօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում։ Միջնորդեց նիստը շարունակել առանց իր պաշտպանյալի։ Դատախազ Գևորգ Սարգսյանը արձանագրեց, որ Գագիկ Խաչատրյանի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու կայուն դարձած քաղաքականությունը պաշտպանական կողմից շարունակվում է, որով տեսավ նաև դատավորի մեղավորությունը։ Ի վերջո նիստը կրկին հետաձգվեց։ 

Նիստից հետո Գևորգ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը, եթե շարունակվի պաշտպանական կողմի այսօրինակ վարքագիծը։

Նիստի ընթացքում դատական ձգձգումների մեջ դատախազը մատնանշեց նաև դատավորի գործողություններն ու մեղավորությունը։ Մինչդեռ դատական դեպարտամենտը օրերս տեսանյութ էր հրապարակել, որտեղ վեր հանելով 5 ամենահայտնի և ձգձգված դատական նիստերի վիճակագրությունը՝ Խաչատրյանի գործով դատավոր Արթուր Մկրտչյանի աշխատանքը լավ էր գնահատել։ Դատախազը չցանկացավ մեկնաբանել դատական դեպարտամենտի նկարահանած տեսանյութը։ Գնահատականը թողեց հեռուստադիտողներին ու նիստի մասնակիցներին։

Իսկ ինչո՞ւ դատախազը չի համաձայնում նիստը շարունակել առանց ամբաստանյալ Խաչատրյանի։ Գևորգ Սարգսյանի պնդմամբ՝ ամբաստանյալի՝ նիստին  պարտադիր ներկայությունը քրեական դատավարության օրենսդրության պահանջն է։  
 
Մանրամասն՝ տեսանյութում
 
Վովա Հակոբյան