Հովիկ Աբրահամյանի մոտ 18 մլրդ 750 մլն դրամի ապօրինի գույքի բռնագանձման գործով 4 միջնորդություն ներկայացվեց․ նրա գույքի մի մասը գրանցված է Արգամ Աբրահամյանի անունով
Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ փետրվարի 14-ին, շարունակվեց ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նիստը նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։


Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստը սկսվեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանի դիրքորոշման հրապարակումից։

Նշենք՝ նախորդ նիստի ընթացքում Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ներկայացուցիչը միջնորդել էր 2022-ին դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցները մասնակի վերացնել։ Դատախազը նշեց, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է։

Տիգրան Ենոքյանի ևս մեկ անգամ ընդգծեց․ Արգամ Աբրահամյանի անունով գրանցված գույքերը դիտարկվել են ոչ թե նրանը, այլ Հովիկ Աբրահամյանինը։ Դրանք ամբողջությամբ բռնագանձելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել, հետևաբար՝ այդ գույքերի նկատմամբ կիրառված ապահովման միջոցը ևս պետք է լինի ամբողջական։
Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը նշեց՝ միջնորդության վերաբերյալ որոշումն առանձին դատական ակտի ձևով կհրապարակվի։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում