ՀՀ գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել Հայկ Յուրիի Ճշմարիտյանի, Լուսինե Յուրիի Ճշմարիտյանի, Արմեն Արտաշեսի Ավետիսյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործը։ Դատավոր Լիլի Դրմեյանին մակագրված գործը դատարան է մուտքագրվել փետրվարի 5-ին։
Հիշեցնենք, որ Հայկ Ճշմարիտյանը ՀՀ արդյունաբերության նախկին նախարար, նախկին պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի հորեղբոր որդին է, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք կապի և տրանսպորտի փոխնախարար է աշխատել։ Արմեն Ավետիսյանն էլ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահն է, Հայկ Ճշմարիտյանի փեսան՝ քրոջ ամուսինը։ Հունվարի սկզբին Դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից Լուսինե Ճշմարիտյանին, Արմեն Ավետիսյանին և ևս մեկ փոխկապակցված անձի՝ Նաիրա Գրիգորյանին, ուղարկված ծանուցագրերում նշված էր, որ Հայկ Ճշմարիտյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը 2018-ին հաղորդագրություն էր տարածել Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու ու փողերի լվացման դեպքի առթիվ։
2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, ըստ ԱԱԾ-ի, Ավետիսյանն իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը՝ հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարերկրյա ներդրում են: Արմեն Ավետիսյանն անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը։
«Գոլդեն Փելես» հյուրանոցի կառուցման ֆինանսական աղբյուրների ու հյուրանոցի իրական սեփականատերերի մասին հայաստանյան մամուլը պարբերաբար էր գրում։ Որպես 2005-ին բացված Հաղթանակի զբոսայգու տարածքում գտնվող հյուրանոցի բաժնետեր նշվում էր օֆշորում գրանցված «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերությունը։ Որպես հյուրանոցի սեփականատեր մամուլում նշվում էր Հայկ Ճշմարիտյանի անունը։ 2005-ի հուլիսին Ճշմարիտյանը հրաժարական տվեց և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ ազատվեց պաշտոնից:
Հրաժարականից հետո Ճշմարիտյանը լրագրողներին հայտնել էր, որ հյուրանոցը կիպրական «Ռիվերհիլ Հոլդինգս» ընկերության սեփականությունն է, սակայն ինքը ևս հյուրանոցում որոշակի բաժնեմաս ունի, որը բերել է նաև այն նպատակով, որ իր մասնակցությամբ կիպրոսյան գործընկերների մոտ ամրապնդի վստահությունը ՀՀ-ի նկատմամբ խոշոր ներդրումներ կատարելու հարցում: Ճշմարիտյանը նշել էր, թե ինքը 1980-ական թթ.-ից գործարարությամբ է զբաղվում Հայաստանում, Ռուսաստանում և Հունաստանում, հյուրանոցային բիզնեսն իրեն հոգեհարազատ է, ու այսուհետ ինքը կզբաղվի միայն այդ գործով՝ միաժամանակ նպաստելով Հայաստանում ներդրումային դաշտի զարգացմանը: Իրականությունը, սակայն, այն էր, որ հյուրանոցը (««Գոլդեն Փելես» հյուրանոց» ՍՊԸ-ն) այդ ժամանակ իրավաբանորեն ամբողջությամբ պատկանում էր կիպրական ընկերությանը, որի միակ սեփականատերը հենց նախկին փոխնախարարն էր, այսինքն՝ կիպրոսցի գործընկեր գոյություն չուներ: «Մյուս կողմից՝ ստեփանավանցի Հայկ Յուրիի Ճշմարիտյանը Արմեն Ավետիսյանի կնոջ՝ Լուսինե Ճշմարիտյանի հարազատ եղբայրն է, այսինքն՝ կարելի է ասել, որ նրա անվան տակ պետք էր ընկալել հենց մաքսայինի ղեկավարին»,- գրել էր
«Հետք»-ը:
Հիշեցնենք, որ հարուցված վերոհիշյալ քրեական գործից հետո Ավետիսյան ընտանիքը Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցը՝ մոտ 15 մլն դոլար արժողությամբ, նվիրեց պետությանը։ 2022-ին գույքն օտարվեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին