ՆԱՏՕ-ի մի խումբ երկրներ մտադիր են Ուկրաինա 1 միլիոն ԱԹՍ մատակարարել. Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի անդամ մի խումբ երկրներ որոշել են Ուկրաինային 1 մլն անօդաչու թռչող սարք մատակարարել։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը․ գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նաև ասել է, որ Բրյուսելում տեղի է ունեցել Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ, որի ժամանակ Ուկրաինայի ռազմական գերատեսչության ղեկավար Ռուստեմ Ումերովը «ընդգծել է Ուկրաինային հետևողական աջակցության անհրաժեշտությունը»։

«Դաշնակիցների խումբը համախմբվել է Ուկրաինա 1 միլիոն անօդաչու թռչող սարքեր մատակարարելու նպատակով»,- ասել է Սթոլթենբերգը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ով է ներառված այս ասոցիացիայի մեջ և ինչ ժամկետներում է նախատեսվում նման քանակությամբ սարքեր տեղափոխել Կիև։

Այս համատեքստում Սթոլթենբերգը ևս մեկ անգամ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին՝ հաստատել Կիևին լրացուցիչ ռազմական օգնությունը։

Regnum-ի փոխանցմամբ՝  Սթոլթենբերգը նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են Լեհաստանում բացել Ուկրաինայի զինված ուժերի վերլուծական և ուսումնական կենտրոն։

Անահիտ  Խաչատրյան