«Անկեղծ մտածում էի, որ դատախազությունը կհրաժարվի այս մեղադրանքից». Սերժ Սարգսյանի գործով դատաքննությունը մոտենում է ավարտին
Շարունակվեց Սերժ Սարգսյանի՝ դիզվառելիքի գործով դատական հերթական նիստը։ Այսօրվա նիստի ընթացքում դատախազը դիրքորոշում հայտնեց պաշտպանների ճառի վերաբերյալ։ Ըստ նրա՝ պաշտպանական կողմը ինչպես դատաքննության ողջ ընթացքում, այնպես էլ ճառերում ջանք չի խնայել ներկայացնելու, թե իբր Սերգո Կարապետյանի նկատմամբ վարույթն իրականացնող մարմինը ճնշումներ է գործադրել, որպեսզի վերջինս ցուցմունքներ տա Սերժ Սարգսյանի և Բարսեղ Բեգլարյանի դեմ, ինչը, ըստ դատախազի, չի ապացուցվել։

«Պաշտպանական կողմը քայլեր ձեռնարկեց տարատեսակ հիմնավորումներ բերելու, թե իբր ոչ մի այլ կազմակերպություն՝ բացի «Ֆլեշ» ընկերությունից, չէր կարող 2013-ին իրականացնել խնդրո առարկա ծրագիրը, ինչը հերքվեց նախաքննության և դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով»,- ասաց դատախազը։

Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ իր խոսքում նշեց, թե հույս ուներ, որ դատախազությունը կօգտվի իրեն ընձեռված ժամանակից ու կհրաժարվի մեղադրանքից, սակայն պաշտպանական կողմի այս հույսերը չարդարացան։

Մակինյանը խնդրեց դատարանին ժամանակ տրամադրել դատախազի դիրքորոշման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։
Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը։ Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստի ընթացքում դիրքորոշմամբ հանդես կգան պաշտպանները, ինչպես նաև վերջին խոսքի հնարավորություն կտրամադրվի ամբաստանյալներին։ 

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2013 թվականին դիզվառելիքի պետական սուբսիդիայի տրամադրման ժամանակ մոտ կես միլիարդ դրամ է յուրացվել, երբ գյուղնախարարությանը դիզվառելիք մատակարարելու մրցույթը շահել է մյուս ընկերություններից ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշը», որի սեփականատերը Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարներից Բարսեղ Բեգլարյանն է, որն այս գործով ևս մեղադրյալի կարգավիճակ ունի։ Ամբաստանյալները իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։
 
Վովա Հակոբյան