ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և Ուժային եռամարտի մարզիչ Սերգեյ Ասատուրովի գործով այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմը նպատակադրված էր ցույց տալ հանրությանը, որ սույն գործով հանրային մեղադրողներից մեկը՝ դատախազ Արթուր Դանիելյանը, անաչառ չի կարող լինել, ավելին՝ գուցե կապեր ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ, քանի որ ամիսներ առաջ որպես մեղադրանքի կողմ հանդես էր գալիս Աշոտ Փաշինյանի առևանգման գործով։ Դե իսկ մեղադրյալներն ամեն կերպ փորձում էին անկողմնակալ դիտորդի մոտ տպավորություն ստեղծել, որ իրենք անմեղ են, ոստիկանների նկատմամբ ոչ մի բռնություն չեն գործադրել, ամեն ինչ տեղի է ունեցել կամերաների առաջ, հետևապես իրենք հանիրավի քրեական հետապնդման են ենթարկվում։ Այսինքն՝ շարունակում են գործել Լևոն Քոչարյանի հոր՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք գործած իրավական բարքերը կամ, ինչպես ինքը կասեր՝ «իրավական սյուրռեալիզմը», երբ անմեղ մարդկանց՝ հատկապես քաղաքական հակառակորդներին, շինծու մեղադրանքներ էին առաջադրում ու բանտերը լցնում։
Ասատուրովի պաշտպանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը, քանի որ նա, պաշտպանի հիմնավորմամբ, միջազգայիյն կարգի մարզիչ է և մարզիկների հետ արտերկիր մեկնելու խնդիր ունի։ Մեկ այլ միջնորդությամբ պաշտպանն առաջարկեց վերացնել Ասատուրովի դեմ քրեական հետապնդումը: Նա, ըստ փաստաբանի, ոչ թե բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ, այլ թևանցուկ է արել ոստիկանին, արարք, որը «2018-ի հայտնի իրադարձություների ժամանակ համատարած թույլ են տվել» այլ անձանց խմբեր, սակայն նրանք այդ արարքի համար չեն ենթարկվել պատասխանատվության։ «Դա ոչ թե բռնություն, այլ անվտանգության նկատառումով արված արարք է եղել»,- նշեց Ասատուրովը։ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանին հետաքրքրում էր, թե ինչ եղանակով է գործը մակագրվել դատավոր Ֆարխոյանին՝ էլեկտրոնայի՞ն, թե՞ ձեռքով, ինչին ի պատասխան դատարանը տրամադրեց համապատասխան տեղեկանքը, որով փաստվեց՝ մակագրումը տեղի է ունեցել էլեկտրոնային եղանակով, ոչ թե ինչ-որ շահագրգիռ սուբյեկտի «թեթև ձեռամբ»։
Դատավոր Կ. Ֆարխոյանին բացարկի միջնորդություն չներկայացվեց, պաշտպան Վարդևանյանը, սակայն, հատուկ շեշտեց. «Ֆարխոյանը 2021 թվականի հունիսին որպես պատգամավորի թեկնածու չի մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին։ Շատերի մոտ կարող է հարց ծագել, թե ինչո՞ւ եմ նման համեմատություն նշում, քանի որ Լևոն Քոչարյանը երբ նշեց, որ եղել է կալանավորված, և նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր, այդ որոշումը կայացրել էր դատավոր Մասիս Մելքոնյանը, որը, ի տարբերություն Ֆարխոյանի, եղել է պատգամավորի թեկնածու հակառակ թիմից, հրապարակայնորեն, բազմաթիվ անգամներ խոսել է Լևոն Քոչարյանի հոր մասին, գնահատականներ հնչեցրել։ Նման գնահատականներ ես Ֆարխոյանի կողմից չեմ լսել։ Հետևապես՝ Ֆարխոյանին բացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքեր չեմ տեսնում»։
Լևոն Քոչարյանի մյուս պաշտպան Ա․Կոչուբաևն էլ (նախքան բացարկի միջնորդություն ներկայացնելը) միջնորդեց վարույթից հեռացնել հանրային մեղադրող Արթուր Դանիելյանին՝ նրան ուղղելով մի շարք հարցեր։ Պաշտպանը նաև հարցրեց, թե ինչ հարաբերությունների մեջ է գտնվում և կամ գտնվո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ, ինչին ի պատասխան մեղադրողը հայտնեց՝ Քրեական դատավարության օրենսգիրքը նման հարցուպատասխանի ընթացակարգ չի նախատեսում, ինչպես նաև ՄԻԵԴ-ը նման չափանիշներ չունի, որ հանրային մեղադրողին բացարկ հայտնելուց առաջ նման հարցուպատասխան տեղի ունենա։ Դանիելյանը հավելեց նաև, որ եթե կան բացարկ հայտնելու հիմքեր, ապա ինքը կարող է սիրով պատասխանել դրանց առնչությամբ հարցերին։ Հանրային մեղադրողի այս պատասխանը, ըստ փաստաբանի, իր մոտ է՛լ ավելի խորացրեց դատախազի անաչաության հետ կապված «ողջամիտ կասկածը» և է՛լ ավելի ամրապնդեց բացարկ հայտնելու մտադրությունը։ «2023 թ. հունիսին «24նյուզ.ամ»-ը տեսանյութ էր տարածել, որը վերնագրված էր այսպես՝ «Դանիելյանը և Աշոտ Փաշինյանը մտերմիկ զրուցում են»,- իր համակարգչով դատավարության մասնակիցներին տեսանյութից ինչ-որ հատված ցույց տվեց պաշտպանը. խոսքը Աշոտ Փաշինյանի առևանգման գործով տեղի ունեցած դատավարության մասին է, կադրերում երևում է, թե ինչպես են Դանիելյանն ու Փաշինյանը նստած դիրքում մոտեցնում իրենց գլուխներն ու մի քանի վայրկյան տևող երկխոսություն ունենում։ Փաստաբանին, փաստորեն, գրավել էր այդ տեսագրության վերնագրում «մտերմիկ» բառի գործածումը, որը, փաստորեն, կասկած էր հարուցել պաշտպանի մոտ դատախազի անկողմնակալության, անաչառության վերաբերյալ։ «Էդ ինչպե՞ս եղավ, որ Երևան քաղաքի դատախազությունից ընտրվեց Արթուր Դանիելյանը՝ որպես Աշոտ Փաշինյանի մեղադրանքը պաշտպանող մեղադրող։ Այս հարցերը գուցե չծագեին, եթե չլիներ Լևոն Քոչարյանի գործի հսկողությունը Արթուր Դանիելյանին հանձնարարելու հանգամանքը։ Եվ եթե Դանիելյանը նշում է, որ իրեն պաշտպանի կողմից վերոհիշյալ հարցը հղելը չի բխում Քր. Դատ. օրենսգրքից, ապա դատախազի և տուժողի միջև նման մտերմիկ շփումը նույնպես չի բխում հիշյալ օրենսգրքից։ Հիշյալ օրենսգիրքը սահմանում է, որ եթե ողջամիտ կասկած կա վարույթի մասնակցի վերաբերյալ, դա հանգեցնում է ինքնաբացարկի։ Անաչառ դիտորդի տեսանկյունից այս հանգամանքը չի կարող համարվել նորմալ»,- նշեց Կոչուբաևն ու միջնորդեց վարույթից հեռացնել Արթուր Դանիելյանին՝ նաև գրավոր միջնորդություն ներկայացնելով։
Արամ Վարդևանյանն էլ իր հերթին նախ նշեց, թե կալանքը ամենադաժան, ամենաինտենսիվ խափանման միջոցն է, և Արթուր Դանիելյանը որպես գործը վերահսկող դատախազ ամիսներ առաջ, երբ դատարանը քննում էր Քոչարյանի կալանքի հարցը, պնդում էր՝ եթե կալանք չկիրառվի, ապա քրեական գործի քննությունը կձախողվի։ Մինչդեռ Քոչարյանին կալանավորելուց հետո քննչական գործողություններ չեն իրականացվել, գործը, այսպես ասած՝ «քնեցվել» է։ Նա նույնպես միացավ հանրային մեղադրողին բացարկ հայտնելուն։
Ելույթ ունեցավ նաև ամբաստանյալ Լևոն Քոչարյանը՝ փորձելով, այսպես ասած, բարոյախրատական վրաերթի ենթարկել մեղադրող կողմին. «Էս դատական նիստը այ էս դրվածքով, այսինքն՝ երբ որ ես էստեղ եմ նստած, ինձ ծեծող ոստիկաններն էնտեղ են նստած, ու էս վիճակով հայտնվում ա դատարանում ու դեռ մի հատ էլ դա պաշտպանող դատախազներ են գտնվում, որ տեսնելով, լավ, վերջը ակնհայտ ա, չէ՞, ու սենց մեղադրանքը դատարան բերողը, էս ամեն ինչի տակ մտնողը... եթե մենք ունենք դատախազներ, սա լուրջ խնդիր ա իրանց համար, չգիտեմ, բարոյականության մասին չեմ ուզում խոսել, բայց ինքն իրանով բոլորը հասկանում են, թե ինչ ա կատարվում։ Վստահ եմ, թե դուք, պարոն դատավոր, թե «տուժողները», բայց դե ձև ա, պետք է շարունակենք իրավական ձևը պահելը»,- բառերի անհոդաբաշխ շարան արտաբերեց ԱԺ պատգամավորը, որի «առակը» սա կցուցաներ՝ «դատախազներ ու քննիչներ, հենց եկա իշխանության, փոշմանելու եք»։
Մյուս ամբաստանյալն էլ՝ Ասատուրովը, որոշեց խոսքը գեղարվեստական կառուցել՝ հղում անելով անտիկ շրջանի գրականությանը. «Էս գործը հանրության համար ամբողջությամբ պարզ ա, կա տեսագրություն, և մեզ մեղադրում են էն գործողությունների մեջ, որոնք որ տեսագրության ընթացքում են եղել։ Եթե փաստացի չկա արարք, որը որ նկարագրված ա, ոնց կարան էդ մարդուն մեղադրեն, ի՞նչ հիմքով։ Ես շատ եմ սիրում ուսումնասիրել գրականություն, ոչ իրավական, այլ՝ գեղարվեստական, և էս ամենը իրականում եղել ա դարերով եկած, նույն քաղաքական գործիչների վերաբերյալ, ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց վերաբերյալ, երևի 2 հազար տարի առաջ հունական փիլիսոփաներին որ վերցնում, ուսումնասիրում եք, այս պրոցեսները նկարագրվում են։ Ես իմ խաղաղ անհնազանդությունն եմ հայտնել էն ժամանակ՝ Արցախը հանձնվելուց մեկ օր շուտ։ Ես և բազմաթիվ հայրենակիցներ, բազմաթիվ հայեր»։ Ասատուրովը խոսքը եզրափակեց ցնցող մի հայտարարությամբ՝ չկատարելով այն արարքը, որն իրեն վերագրում են, ինքը հպարտ է, որ հայտնվել է այս գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին։
Դատախազ Արթուր Դանիելյանն էլ առարկելով իր հասցեին պաշտպանների կողմից հնչեցված հայտարարություններին՝ նշեց. «Ինձ համար անակնկալ էր, որ պարոն Կոչուբաևը չի տարբերում դատախազի կողմից քրեական գործի հսկողությունը և դատարանում մեղադրանքի պաշտպանությունը։ Դրանք տարբեր դատավարական կարգավիճակներ են։ Եվ երբ որ դուք ասում եք, որ գլխավոր դատախազության դատախազը հսկողություն է իրականացնում սույն գործի նկատմամբ, սույն գործի նկատմամբ առհասարակ դատախազը չի կարղ հսկողություն իրականացնել, որովհետև գործը դատարանի վարույթում է։ Սույն գործում մենք գործ ունենք դատարանում մեղադրանքի պաշտպանության հետ, հետևաբար այդ մասով ձեր կողմից ներկայացված դիրքորոշումները ուղղակի անհիմն են ու պատճառաբանված լինելու նույնիսկ նվազագույն մակարդակ չունեն»։ Եվ բացի այդ, Դաիելյանի խոսքով, Կոչուբաևը բերում է քրեական գործի օրինակ, որտեղ Աշոտ Փաշինյանը եղել է տուժող, այսինքն՝ մեղադրանքի կողմ, իսկ ինքը՝ հանրային մեղադրող։ «Նշում եք, թե իբրև մտերմիկ զրույց է տեղի ունեցել, այդ ի՞նչ մտերմիկ զրույցի մասին է խոսքը։ Առհասարակ, դուք ո՞նց եք մեկնաբանել, որ դա մտերմիկ զրույց է։ Առհասարակ, դուք ինչպե՞ս եք երկու անձի միջև տեղի ունեցած թեկուզ չնչին հարցի պարզաբանումը կամ՝ հարց ունենալ-չունենալու առկայությունը մեկնաբանել որպես «մտերմիկ»։ Ձեր անձը ինձ քաջածանոթ է, և ըստ էության ես պատկերացում կազմում եմ, թե դուք ինչու եք այդպես ներկայացնում։ Բայց առհասարակ, ձեր ասած այս «մտերմիկ» ձևակերպված զրույցը դուք չեք կարող որևէ ձևով հիմնավորել, որովհետև օբյեկտիվ իրականության մեջ դա առհասարակ գոյություն չունի»։ Ինչ վերաբերում է Վարդևանյանի այն դիտարկմանը, թե հսկող դատախազը մասնակցել է մինչդատական քրեական վարույթում խափանման միջոց կալանքի երկարաձգման միջնորդության քննարկմանը, Քր. Դատ. օրենսգիրքը դատախազին իրավունք է վերապահում նման միջնորդության քննությանը մասնակցել, և դատախազն օգտվել է իր իրավունքից։ «Այսինքն՝ դա դիտարկել որպես բացարկի հիմք, ուղղակի չի կարող։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ՝ սույն քրեական վարույթով որևէ անձնական, որևէ այլ շահագրգվածություն չկա։ Այսինքն՝ ինքնաբացարկի հիմքեր չեմ տեսնում, ուստի՝ ինքնաբացարկ չեմ ներկայացնում»,- հայտարարեց հանրային մեղադրող Դանիելյանը՝ կոչ անելով դատավարության մասնակիցներին դատական պրոցեսը կառուցել բացառապես իրավական տրամաբանության շրջանակներում։ Դատարանը մերժեց բացարկի միջնորդությունը, ապա դատական նիստը ընդմիջվեց։