Այս տարի նոր ուսումնական տարվա առաջին օրը, ի տարբերություն նախորդ տարվա, սկսվեց ավելի ուրախ։ Չնայած համավարակին՝ դպրոցների դիմաց միջոցառումներ էին կազմակերպվել։ Որոշ միջոցառումների նույնիսկ ներկա էին կրթական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Civic.am-ն այցելել էր Չայկովսկու անվան երաժշտական դպրոց։ Դպրոցի 8բ դասարանի աշակերտները հատուկ մեր լրատվամիջոցի համար դաշնամուր նվագեցին։
Դպրոցի ուսումնական տարվա առաջին օրվա մեկնարկին ներկա էր նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։
«Վստահ եմ, որ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը մեր լավագույն կրթական հաստատություններից է, և այստեղ սովորելով՝ աշակերտները լավ գիտելիք են ձեռք բերելու»,- մեզ հետ զրույցում նշեց փոխնախարարն ու միաժամանակ կարևորեց, որ անկախ ստացած գիտելիքից՝ երբեք չպետք է գա մի պահ, որ թվա, թե այլևս սովորելու բան չկա. «Ազգերի բոլոր դժբախտությունները գալիս են տգիտությունից, խավարամտությունից, առաջադեմ պրոցեսներից մեկուսացած լինելուց։ Եվ մեր խնդիրն է ձևավորել աշխարհաքաղաքացիներ, որոնք պատասխանատվություն ունեն ոչ միայն իրենց հայրենիքի, իրենց պետության, իրենց միջավայրի, այլև բնության հանդեպ առհասարակ և, եթե մի քիչ փիլիսոփայական տերմիններով խոսեմ, մոլորակի հանդեպ առհասարակ»։
Արա Խզմալյանը հիշատակեց մտածողներից մեկի խոսքը. «Ես՝ ես եմ և իմ միջավայրը, կփրկվի միջավայրը, կփրկվեմ նաև ես»:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ ուսուցիչների պատվաստվելու պահանջին՝ փոխնախարարն ընդգծեց, որ բժշկությունն ամեն տարի ավելացնում է կորոնավիրուսի դեմ պայքարի իր փորձը, և համաշխարհային առողջապահական համակարգը՝ լավագույն մասնագետները փաստում են, որ պատվաստումն անհրաժեշտ է. «Պատվաստումն այսօր միակ քիչ թե շատ փորձված, ստույգ ճանապարհն է՝ չհասնելու ծանր հետևանքների և կանխելու համավարակի տարածումը։ Այստեղ էլ կրթությունը լուրջ գործ ունի անելու, որովհետև մենք շատ հաճախ միջնադարյան խավարամտության մեջ ենք, նախապաշարված ենք, մարդկության դեմ ոճրագործությունների, գաղտնի տեսությունների ճիրաններում ենք, մինչդեռ պետք է հասկանալ, որ մարդկությունը պատվաստումների հսկայական փորձ է կուտակել»։
Չայկովսկու անվան երաժշտական դպրոցն այս ուսումնական տարում ունեցել է ավելի քան 500 դիմում։ Դիմորդներից ընդունվել են միայն 80-ը և հիմնականում՝ բարձր դասարաններ։ Դպրոցն այս տարի միայն մեկ առաջին դասարան կունենա՝ 28 աշակերտով։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի որոշել է կրթությունն սկսել առկա ուսուցմամբ՝ համավարակի կանոնների պահպանմամբ։ Եվ ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի երկարօրյան և արտաուսումնական խմբակները գործելու են դպրոցներում։
Նարա ՄարտիրոսյանՄանրամասները՝
տեսանյութում: