Չարչյանի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում․ Արդարադատության նախարար
«Պարոն Չարչյանի վիճակն այնքան է մտահոգում, որ խցում համարյա ժամեր չի անցկացրել և անընդհատ եղել է բժիշկների հսկողության ներքո, թե՛ մեր բուժհաստատությունում, թե՛ քաղաքացիական բուժհաստատություններում։ Ինչ վերաբերում է առանձին ազատազրկված անձանց այցելելուն չկա հատուկ ցուցում, որ մեր բժիշկները, կամ մեր կալանավայրի աշխատակիցները չեն կարողանում ապահովել, որպեսզի նախարարն այցելի, իսկ քաղաքական ընտրությամբ որևէ մեկին այցելելը կլիներ շատ խտրական»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք չի մտահոգում ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը և ինչու նախարարը չի այցելում Չարչյանին։ 

«Նախարարությունը, Կառավարությունը որևէ մեկին ազատությունից չի զրկում կամ ազատության չի վերադարձնում, դուք գիտեք, որ դա դատական համակարգի և այլ իրավապահ մարմինների գործառույթն է։ Ինչ վերաբերում է իմ լիազորությունների շրջանակին՝ ես հատուկ հոգածությամբ վերաբերվել եմ ոչ միայն պարոն Չարչյանին, այլ նաև բոլոր այն ազատազրկվածներին ովքեր ունեն առողջական խնդիրներ»,-ասաց նախարարն ու հավելեց, որ իրեն զեկուցել են, որ Չարչյանի առողջությանը ներկայումս որևէ վտանգ չի սպառնում։