Քաղաքացու օրը ոչ միայն տոն է, այլև կարևոր հիշեցում իշխանությանը. Ինչո՞ւ է օրը հոգեխանգարմունքի հասցնում նախկին ռեժիմին

Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպված միջոցառումն ու դրա  բազմամարդությունը հոգեխանգարմունք են հարուցել ընդդիմության շրջանում։  Քարոզչական մակարդակում տիտանական ջանքեր են գործադրվում արժեզրկելու օրվա հետ կապված ամեն բան՝ միջոցառումների բովանդակությունից մինչև դրանց վրա ծախսված գումարներ, անգամ շահարկվում է այն հանգամանքը, որ այս տարի օրը նշվեց ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման օրվա հաջորդ օրը։ Թե՝ ինչպե՜ս կարելի է սգո օրվա հաջորդ օրը «խորոված փարթի» կազմակերպել Երևանի կենտրոնում, առավել ևս՝ «տժժալ» ՀՀ գլխավոր հրապարակում՝ փաստորեն, մեկ օրով  դուրս գալով «ցեղասպանված ազգի» բարդույթից ու «հավերժ սգի» ռեժիմից։ «Անուղեղ ստամոքսապաշտներ», «հիշողությունից զուրկ մանկուրտներ»․․․ սրանք այն՝ համեմատաբար  մեղմ որակումներն են, որոնցով բնութագրվել են Քաղաքացու օրվան մասնակցած քաղաքացիները, դե իսկ կառավարող ուժի ներկայացուցիչները՝ միջոցառմանը քաղաքացիներին «դրդածները», գամվել են անարգանքի սյունին։  


Տոնացույցում այդպիսի օր ունենալու հանգամանքն ինքնին ոչ մի կերպ չի տեղավորվում իշխանությունից զրկված ու ռևանշիզմով լցված խմբակի գլխում, քանի որ, համաձայնեք, գերմարդկային ճիգեր են պահանջվում օրացուցային մեկ օրվա ընթացքում վերապրելու առնվազն երկու տասնամյակի ընթացքում տեղի ունեցած անցքերի «լիամետրաժը»՝ պարբերաբար կեղծվող ընտրություններ, իշխանության ուզուրպացիա, քաղաքացիական անհնազանդության հետևողական ճնշումներ, «Մարտի 1»-ի ու «Հոկտեմբերի 27»-ի արյուն, համակարգային ծաղկող կոռուպցիա, տնտեսական մենաշնորհներ, հարկային ստվեր, թալանված հանրային միջոցներ․․․ վերջում էլ՝ «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» և․․․ «Նիկոլ վարչապետ»՝ արդեն 8 տարի։ Ամենայն հավանականությամբ՝ նաև առաջիկա 5 տարում։


Ընդդիմությունը հատկապես նախընտրական այս շրջանում, հարկավ, պետք է է՛լ ավելի ընդգծված հակակրանք ցուցաբերեր օրվա խորհրդի հանդեպ, քանի որ այդ խորհուրդը հօդս է ցնդեցրել տարիներով հյուսված մի մեծ բլեֆ, մոլորություն,  ըստ որի՝ որևէ քաղաքական ուժ, ստանձնելով կառավարումը, հավերժական է, դրա առաջնորդն էլ՝ անսխալական ու անփոխարինելի: Արդ, որքա՜ն հրաշալի կլիներ, եթե տեղի ունեցած չլիներ 2018-ի հեղափոխությունը ոչ միայն այն պատճառով, որ քաղաքացին իրացրեց Սահմանադրությամբ իրեն պատկանող իշխանությունը, այլև արձանագրեց  իշխանությունն իրեն վերադարձրած սուբյեկտ, իշխանության «միակ տերը» լինելը։ Հենց այս հանգամանքն է, որ սարսափեցնում է նախկին ռեժիմին՝ քաղաքացու՝ ընտրական մախինացիաների օբյեկտ լինել դադարելն ու ընտրությունների ելքը կանխորոշող սուբյեկտ դառնաը, մեկը, որի հետ այլևս հնարավոր չէ նախընտրական առուծախի մեջ մտնել՝ գնել, կաշառել՝ ընտրական «մազանդան» իջեցնելով տուկի թելի ու սերմացու կարտոշկայի, մի պարկ պարարտանյութի, մի բանկա ջեմի  ու 5 հազար դրամի մակարդակի․․․


Քաղաքացուն իր ցուցաբերած կամքի, դրա միջոցով արդյունք արձանագրելու համար «պատվո հարթակին» կանգնեցնելը՝ օրացույցում այդ կամքի հաղթանակը խորհրդանշող օր ֆիքսելով,  հակասում է սերժաքոչարյանական ընդդիմության և դրա «ֆիլիալների» արժեբանությանն ու պլաններին, քանի որ նրանք հասկացել են, որ այլևս չեն կարող քաղաքացու կամքը շրջանցելով իշխանությունը մեկ անգամ զավթել ու առնվազն 20 տարի իշխել՝ ուզուրպացված պահելով երկրի ղեկավարի աթոռը։ Այդ մենաշնորհից զրկված լինելու գիտակցումն է, որ կատաղության նոտաներ է հարուցում նախկին ռեժիմի պարագլուխների ու նրանց սպասարկող ագիտպրոպի մոտ՝ ստիպելով  թույն թափել  քաղաքացի՝ սուբյեկտ լինելն ապացուցող միջոցառումներին մասնակցածների  վրա։   

  

Ի դեպ, մի կարևոր հանգամանք էլ Քաղաքացու օրը  տոների ցանկ ներառելու մասով կառավարությունն այսպիսով ոչ միայն «փոխհատուցել» է 2018 թվականի հեղափոխության հաղթանակում քաղաքացու հետևողական ջանքն ու ներդրումը, այլև «գարանտ է կանգնել» հետագա այդպիսի ներդրումների համար։ Այն է՝ եթե որևէ առաջնորդ կորցնի քաղաքացու հետ իր կապն ու արհամարհի վերջինիս դերը իրեն պատկանող իշխանությունն իրացնելիս, ապա, հարկավ, արժանանալու է նույն ճակատագրին՝ հեռացվելու է իշխանությունից ճիշտ այնպես, ինչպես 2018-ին համաժողովրդական, համաքաղաքացիական ճնշման ներքո։ Այնպես որ, Քաղաքացու օրը ոչ միայն տոն է, այլև հիշեցում իշխանությանը՝ չվարվել քաղաքացու հետ այնպես, ինչպես նախքան այդ էին վարվում՝ նախքան Քաղաքացու օրը տոների ցանկ ներառելը։ 


Հ. Մ.