Այսօր Կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ լրագրողները արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանից հետաքրքրվեցին թե որ ընկերությունն է շահել մրցույթը՝ պատերազմական իրավիճակում քաղաքացիների մոտ առաջացած հոգեբանական խնդիրները հաղթահարելու նպատակով ծառայություններ իրականացնելու համար։
«Մրցույթը շահել է «Սեդա Ղազարյան» հոգեբանական աջակցության կենտրոնը շուրջ 70 աշխատակիցներով։ Աշխատաքները շարունակվելու են մինչև դեկտեմբերի վերջ, բայց, եթե անհրաժեշտություն լինի կերկարաձգվեն։ Այս պահի դրությամբ արդեն 1075 շահառուներ ստացել են հոգեբանական աջակցություն՝ միջին հաշվով ամեն մի շահառուի հետ արդեն իրականացվել է 4-5 սեանս»,-պատասխանեց նախարարը։
Նա հավելեց, որ նաև փոխհամագործակցում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, պաշտպանության նախարարության, առողջապահության նախարարության հետ, որպեսզի ստանան շահառուների ցուցակները։
Անդրադառնալով պատսպարաններին՝ Անդրանիկ Փիլոյնաը նշեց, որ պատսպարանների աշխատանքները շարունակվում են ոչ միայն սահմանամերձ շրջաններում, այլ նաև հանրապետության ողջ տարածքում․ «Տեսնում եք՝ մեր աշխատակիցների կողմից անց են կացվում պարապմունքներ՝ ազդարարման, տարհանման։ Օրինակ՝ Սյունիքի մարզի Շիկահող համայնքում ունենք քաղաքացիական պաշտպանության նմանատիպ կառույց, որը տեխնիկական իր հագեցվածությամբ հնարավորություն է տալիս տեղի բնակչության միջոցներով իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ։ Մոտ ապագայում կունենանք նաև նման կառույց Կոռնիձորում։ Ինչպես նաև Շուռնուխում ունենք հենակետ»։