Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձրել հայ ռազմագերիներին ու այլ պահվող անձանց․ Փաշինյանը՝ ԱՊՀ նիստին․ Տեսանյութ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ քաղաքական կամքի պարագայում հնարավոր է տարածաշրջանում փոխել առկա իրավիճակը՝ հասնելով կայունության ու խաղաղության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման կարծիք է հայտնել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած ելույթում: ՀՀ վարչապետը նկատեց, որ շնորհիվ ՌԴ-ի ջանքերի, 2020 նոյեմբերի 9-ին հնարավոր եղավ հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում: Համաձայն եռակողմ հայտարարության՝ ԼՂ-ում տեղակայվեցին  ռուս խաղաղապահներ՝ ապահովելով անվտանգությունը:

«ՌԴ-ն և անձամբ Վլադիմիր Պուտինը էական դերակատարում ունեցան 44-օրյա պատերազմի դադարեցման գործում: Նրանք այսօր էլ էական դերակատարում ունեն տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Մենք շնորհակալություն ենք հայտնում այդ ջանքերի համար»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մեր տարածաշրջանը վերափոխումների շեմին է կանգնած ու քաղաքական կամքի պարագայում կարող է փոխվել այսօր եղած պատկերը՝ բերելով խաղաղություն ու կայունություն:  

«Մենք պատրաստ ենք այդ փոփոխություններին: Ավելին, դա համընկնում է մեր կառավարության տեսլականին: Կառավարության նպատակներից է խաղաղության դարաշարջանի բացումը: Կան գործոններ, որոնք հարցականի տակ են դնում մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու գործընթացը: Չնայած քաղաքական բոլոր ջանքերին՝ մարդիկ շարունակում են զոհվել Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական սահմանին: Այդ կապակցությամբ ես առաջարկում եմ ուժեղացնել եռակողմ մեխանիզմները միջադեպերի քննության ու հրադադարի ռեժիմի պահպանման համար: Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում խաղաղություն ու կայունություն մեր երկրում, և այդ պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը: Մենք վճռական ենք տրամադրված և կանենք մեզնից կախված ամեն ինչ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար: Մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպես հասնենք այդ նպատակին՝ երկխոսություն և թշնամանքի մթնոլորտի աստիճանաբար հաղթահարում, որը, ցավոք մեր տարածաշրջանում գոյություն ունի, տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակում. դա այն միակ ճանապարհն է, որը կբերի այդ նպատակին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 Այդ համատեքստում, ՀՀ վարչապետը կարևոր համարեց այն բոլոր պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:   

Նա տեղեկացրեց, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը գլխավորում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, աշխատանք է տարվում տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների բացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց հասնել կոնկրետ արդյունքների մոտ ապագայում: Դա նշանակում է, որ Հայաստանը կունենա ավտոմոբիլային և երկաթգծային կապ Ռուսաստանի, երկաթգծային կապ Իրանի հետ, իսկ Ադրբեջանը կունենա երկաթգծային կապ Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով: