Դատախազը միջնորդում է կասեցնել Քոչարյանի և մյուսների գործի վարույթը և դիմել ՍԴ
Միջնորդություն ենք ներկայացրել՝ Սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ: Այս մասին «Լուրերի» հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

«Առանձին միջնորդություն է: Խոսքը Եվրոպական դատարանի դիրքորոշման մասին է, որով արձանագրվել են այնպիսի փաստեր, որոնք էական նշանակություն ունեն այս գործով մեր՝ նախկինում ներկայացրած միջնորդության արտահայտած դիրքորոշումների համար»,- տեղեկացրեց Բաղդասարյանը: 

«Լուրերի» ճշտող հարցին՝ խոսքը արտակարգ դրության մասի՞ն է, Բաղդասարյանը տվեց դրական պատասխան:

«Խոսքն արտակարգ դրություն հայտարարելու փաստին Եվրոպական դատարանի կողմից տված գնահատականի և դրա հիման վրա Եվրոպական դատարանի կողմից արված հետևությունների մասին է»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Եվրոպական դատարանը կայացրած վճռով կասկածի տակ է դրել Ռոբերտ Քոչարյանի 2008 թվականի մարտի 1-ի հրամանագիրը։
Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգի դատարանը «Հայկական ժամանակ» օրաթերթի գործով Հայաստանի դեմ վճիռ է կայացրել՝ արձանագրելով, որ հրամանագրի պատճառով խախտվել են Եվրոպական կոնվենցիայի միանգամից երկու՝ արդար դատաքննության և արտահայտվելու ազատության հոդվածներով նախատեսված իրավունքները։

Հիշեցնենք՝ Քոչարյանի ստորագրած հրամանագրով զանգվածային լրատվության միջոցները մարտի 1-ից հետո հայտարարված արտակարգ դրության ընթացքում պետք է հրապարակեին միայն պաշտոնական տեղեկատվություն:
Հենց այդ պատճառով էլ Ազգային անվտանգության ծառայությունը արգելել էր մի շարք թերթերի, այդ թվում՝ «Հայկական ժամանակի» տպագրությունը: