ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2012-2021 թվականների ընթացքում Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը քաղաքացու օգտին ապօրինի գործողություն կատարելու համար նրանից ստացել է խոշոր չափերի կաշառք:
«Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը իր տեղակալի հետ նախնական համաձայնությամբ նույն համայնքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը ճանաչելու ապօրինի գործընթացն իրականացնելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է խոշոր չափերի՝ 3 մլն ՀՀ դրամ:
Բացի այդ՝ հիշյալ պաշտոնատար անձը նույն քաղաքացուն համոզելու և հոգեբանական ճնշում գործադրելու եղանակով խոչընդոտել է վերջինիս ընտրական իրավունքի ազատ արտահայտումը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրություններում:
Պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքը և ծառայողական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր տեղակալի միջոցով կազմակերպել է համայնքի բնակիչների կողմից փաստացի օգտագործվող հողատարածքները համապատասխան հիմքերի բացակայության պայմաններում նրանց օտարելու գործընթացը:
Նախաքննության ընթացքում Բյուրական համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Մեղադրանք է ներկայացվել նաև համայնքի ղեկավարի նախկին տեղակալին:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: