«Կորոնոավիրուսի տվյալները խոսում են վարակի բավականին ինտենսիվ տարածման մասին և Հայաստանը գտնվում է վարակի շատ բուռն փոխանցման փուլում, որը շատ մտահոգիչ է»,-այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը։
Նա նաև նշեց, որ տեսնում են, որ հիվանդանոցներում ավելի դեֆոլտային վիճակ է, քան՝ պատերազմի ժամանակ։
«Նախարարն էլ ասաց, որ մի քանի հարյուր մարդ սպասում է հոսպիտալացման, եթե արդեն ինքնին սպասող մարդ կա հոսպիտալացման, դա նշանակում է, որ ունենք դեֆոլտային վիճակ։ Եթե դեֆոլտի մասին ենք խոսում՝ դա կարող է բերել և տնային մահերի քանակի առումով բարձրացման, նաև վերցնելով նրանից, որ «դելտա» շտամը բավականին ագրեսիվ է և բավականին կայուն է այսօր գոյություն ունեցող թերապևտիկ որևէ միջամտություններին։ Այսինքն՝ ստացվում է, որ հիվանդության մահաբերությունը բարձրանալու է, կամ եթե անգամ այս մակարդակով շարունակվեց, ինքնին արդեն բարձր մահաբերություն է»,-ասաց Արման Բադալյանը։
Ասուլիսին մասնակցում էր նաև ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը, որը նշեց, որ ցավոք սրտի առկա է մի միտում, որ քաղաքացիները հաճախ մոռանում են հակահամաճարակային կանոնների մասին, բայց դրանք պահպանում են իրենց արդիականությունը։
«Ես հատկապես խնդրում եմ այն մարդկանց, ովքեր գնում են պատվաստման, բուժհաստատություններ, հատկապես բուժհաստատության ներսում չմոռանան հակահամաճարակային կանոնները, որովհետև պատվաստման գործընթացն այսօր բավականին ինտենսիվ է, անգամ հերթեր են գոյանում առաջնային օղակի բուժհաստատություններում և շատ ցանկալի է, որ այնտեղ հատկապես պահպանվեն այդ հակահամաճարակային կանոնները, որպեսզի մարդը՝ գնալով կանխարգելիչ միջոցառման այնտեղ չվարակվի և լրացուցիչ ռիսկային գործոն չդառնա պատվաստման գործընթացը»,-ասաց Մերի Տեր-Ստեփանյանը։
Խոսելով համավարակի չորրոդ ալիքի առանձնահատկությունների մասին՝ համաճարակաբանն ասաց, որ մենք այսօր ունենք մահերի բավականին մեծ թիվ, տարածաշրջանում առաջատարներից ենք մահաբերության առումով և սա ևս մեկ անգամ վկայում է «դելտա» շտամի ագրեսիվ ընթացքի և ավելի բարձր մահաբերության մասին, որը և ցավոք սրտի տեսանք մեր բնակչության շրջանում։
Մանրամասները՝ տեսանյութում։