Ձկնորսները դժգոհում են, որ Սևանում ձկնորսությունը դադարեցվել է, բայց մենք ընդառաջ էինք գնացել, մեկ ամսով որսը երկարաձգել էինք, ինչը նախկինում չէր արվել․ ՇՄՆ մամուլի խոսնակ
Այսօր Գեղարքունիքի մարզի ձկնորսները փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ բողոքելով արդյունագործական ձկնորսության նոր կարգի դեմ։ Ակցիայի մասնակիցները դժգոհում են ձկնորսության արգելքի դեմ, մասնավորապես, Սևանում արդյունագործական ձկնորսություն անցկացնելու որոշման պատճառով յուրաքանչյուր նավի անձնակազմ օրական կարող է որսալ ընդամենը 3-4 ձուկ, որով ձկնորսները պետք է ընտանիք պահեն, հարկ վճարեն՝ որպես բնավճար։

Մասնակիցներին հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ով նշեց, որ ոչ նախարարը, ոչ մարզպետը կառավարության որոշումը չկատարելու իրավունք չունեն։ «Եթե դուք հիմա առաջարկում եք, որ կառավարության որոշումը չեղարկվի կամ փոփոխություն արվի, դրա համար ժամանակ է պետք։ Բոլորդ տեղյակ եք եղել, որ սահմանված չափաքանակ է տրվել»,- նշեց մարզպետը, որը երեք օր ժամանակ խնդրեց խնդրի քննարկման համար։

Խնդրի վերաբերյալ Civic.am-ը զրուցեց շրջակա միջավայրի նախարարի  մամուլի քարտուղար Անի Հակոբյանի հետ։

Վերջինս նշեց, որ Սևանա լճում ապօրինի ձկնորսությունը կանխարգելելու և Սևանա լճի էկոհամակարգը վերականգնելու նպատակով արդեն երկու տարի է՝ արդյունագործական ձկնորսության նոր ձևաչափն է կիրառվում, որի համաձայն՝ կառավարությունը պետական բյուջեի միջոցներով  պատվիրակում է ԳԱԱ-ին, որպեսզի նրանք տան ձկնապաշարի հաշվառման տվյալներ, այսինքն՝ լճում ինչքան ձկան պաշար կա, և որքանը կարելի է թույլ տալ, որպեսզի որսան, ու այդ տվյալների հիման վրա նախարարությունը գործարկել է այդ նոր կարգը։ 
 
«Սևան ազգային պարկում ձկնորսները գրանցվում են, քվոտաներ են վերցնում՝ ինչքան չափաքանակ որսան, հետո հատուկ կետերից են մուտք գործում լիճ, դուրս են գալիս, կշռում են, որպեսզի ձկան որսի ապօրինի շրջանառություն չլինի։ ԳԱԱ-ի 2020  թվականի տվյալներով՝ լճում սիգի զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից երկրորդ փուլի՝ 20-21 թվականների օգտագործման համար հատկացվել էր 250 տոննա չափաքանակ, ու սեպտեմբերի 1-ին արդեն պետք է դադարեցվեր այդ արդյունաբերական ձկնորսության երկրորդ փուլը, բայց ընդառաջ գնալով ձկնորսների խնդրանքներին, որ նրանք դեռ չեն հասցրել որսալ, և էլի հենվելով Ակադեմիայի տված տվյալներին, մենք երկարացրինք ժամանակահատվածը մինչև հոկտեմբերի 15-ը, ինչպես նաև ավելացրինք ևս 50 տոննայով։ Այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ կարող են էլի դիմել, գրանցվել և որս իրականացնել, հիմա ժամկետն ավարտվել է, և մեր հայրենակիցները չեն ուզում որևէ իրավակարգավորման սահմանում մնալ և տուրք են տալիս ապօրինի ձկնորսությանը»,- ասաց Անի Հակոբյանը։ 

Նա նշեց, որ իրենք  իհարկե բոլորի ձայնը կլսեն, կհասկանան՝ ինչն է խնդիրը, կփորձեն լուծում գտնել, բայց ձկնորսներն էլ պետք է ըմբռնումով մոտենան, որովհետև Սևանա լճի ձկնապաշարն անսպառ չէ, այնտեղ սիգի ձվադրման ժամանակաշրջան կա, այսինքն՝ շատ հանգամանքներով պայմանավորված՝ այս շրջանում դադարեցված է ձկնորսությունը, մինչև կառավարության նոր որոշմամբ գարնանը էլի կթույլատրեն։   

«Իրենք դժգոհում են, որ դադարեցվել է, բայց այստեղ ընդառաջ էինք գնացել, դեռ մեկ ամսով էլ երկարացրել էինք, ինչը նախկինում չէր արվել»,- եզրափակեց Անի Հակոբյանը։

Լիլիթ Թադևոսյան