Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ ակնկալում է, որ խորհրդարանական այլ ուժեր կմինան իր արված վերջին՝ Օնիկ Գասպարյանի հրաժարականի դիմումը հետ կանչելու առաջարկին։ Հարցին, թե հետագա բանակցությունները կախված են դրանից, նշեց՝ այո։
«Առանց մեզ որևէ մեկը չի կարող համաձայնության գալ, գնալ արտահերթ ընտրությունների։ Մենք էլ չենք կարող առանց մյուսների դա անել, հետևաբար, շատ տրամաբանական է, որ սա մի պրոցես է, որտեղ պետք են կոնսենսուսներ, զիջումներ բոլոր կողմերից», - նշեց նա։
Հարցին՝ եթե ԲՀԿ-ն մերժի արտահերթ ընտրությունների վարչապետի առաջարկը կամ նրա հետ հանդիպումը, ԼՀԿ-ի համար էլ հարցը օրակարգից դուրս կգա՞, Մարուքյանը նշեց, որ հարցը երբեք օրակարգից դուրս չի գալու․ «Կմերժվի, սակայն այլ տարբերակներ կքննարկենք։ Պետք է գտնել ճանապարհներ, դուրս գալու այս վիճակից»։
Հարցին, թե ինչպիսի՞ն են լինելու նրանց հետագա քայլերը, եթե Օնիկ Գասպարյանի լիազորությունները դադարեցվեն, քանի որ որոշ մասնագետներ արդեն իսկ պնդում են, որ նրա լիազորությունները դադարեցված են՝ իրավունքի ուժով, քանի որ եռօրյա ժամկետը ավարտվել է, Մարուքյանը պատասխանեց․ «Իմ առաջարկը դեռևս ուժի մեջ է, դրա արդիականությունը չի վերացել։ Երբ որ դրա արդիականությունը կկորչի, ուրիշ բան կմտածենք, ի՞նչ պիտի անենք»։
Մարուքյանը նաև անդրադարձավ ԱԱԾ-ի կողմից քննարկվող կետին, ըստ որի՝ պետական պահպանությունը պետք է առաձնացվի ԱԱԾ-ից և դառնա վարչապետին ենթակա մարմին, նշելով, որ այստեղ խնդիր չի տեսնում։
«Թղթաբանության հարց ա։ Թղթերը մի քիչ քիչ, մի քիչշատ։ Մե՞զ ինչ։ Կարողա՞ ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին չի»։