Կորոնավիրուսային ծայրահեղ իրավիճակով պայմանավորված Սյունիքում կստեղծվեն թթվածնային խտացուցիչներ․ Տեսանյութ
Կորոնավիրուսային իրավիճակը Հանրապետությունում շարունակում է մնալ լարված։ Նույնն է իրավիճակը նաև Սյունիքի մարզում։ Կապանի բժշկական կենտրոնի թերապևտ Նարինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Կապանի բժշկական կենտրոնում կովիդ վարակակիրների համար առանձնացված է եղել 85 մահճակալ, որը, այնուհետև ավելացվել է ևս 30-ով։ Նախատեսվում է 30 մահճակալ ավելացնել նաև Գորիսում։

Նարինե Գրիգորյանը նշեց, որ բժիշկների պակասը համալրել չի հաջողվում։ Մյուս բուժաշխատողներն են ավելի ծանրաբեռնված աշխատում։

Պատվաստումների տեմպերը ավելացել են նաև Սյունիքում, իսկ թեստերի սահմանափակ լինելու մասին Գրիգորյանն ասաց, որ դրանց քիչ լինելու պատճառով առաջնային թեստավորվում են խիստ անհրաժեշտություն ունեցող պացիենտները։

Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար, Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Էդգար Մարտիրոսյանը նշեց, որ կայացած հերթական նիստում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված։

Էդգար Մարտիրոսյանը նշեց նաև, որ մարզում, քովիդով վարակվողների օրական թիվը ավելի մեծ է, քան առողջացածներինը։

Տեղեկացնենք, որ Սյունիքի մարզում մեկ շաբաթում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 348 նոր դեպք, առողջացել է 219 հոգի, 76 հոգի բուժվում է Կապանի Բկ-ում, 29 հոգի՝ Գորիսի ԲԿ-ում, 14 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, 61 հոգի՝ թթվածնակախյալ, 618 մարդ բուժվում է ամբուլատոր պայմաններում։ Գրանցվել է 12 մահ։ Այս պահի դրությամբ մարզում պատվաստվել է 24 684 հոգի, որից առաջին դեղաչափն ստացել է 16 735 հոգի՝ որը մարզի 18-ից բարձր տարիքի բնակչության 18․4 տոկոսն է։ Մարտիրոսյանը նշեց, որ այս ցուցանիշը գոհացուցիչ չէ։