Արգանդի վզիկի քաղցկեղը կարող է կանխվել ՄՊՎ պատվաստանյութի միջոցով․ ԱՀԿ-ն ծրագրում է վերացնել այս հիվանդությունը
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Աշխարհում առաջին անգամ հետազոտությունների տվյալները ցույց են տվել, որ մարդու պապիլոմավիրուսի պատվաստանյութը (ՄՊՎ) 90%-ով կրճատում է արգանդի վզիկի քաղցկեղը, հայտնում է BBC news-ը։
Մեծ Բրիտանիայի Քաղցկեղի հետազոտությունների կենտրոնն այս իրադարձությունը «պատմական» է որակել և նշել, որ այս պատվաստանյութը կյանքեր է փրկում:
Հիմնականում բոլոր արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերը առաջանում են վիրուսներից և այժմ հույսն այն է, որ այս պատվաստանյութը գրեթե կարող է վերացնել այդ հիվանդությունը:
Հետազոտողները նշում են, որ նրանք, ովքեր պատվաստվել են ՄՊՎ պատվաստանյութով, կարող են արգանդի վզիկի քսուքի շատ ավելի քիչ թեստերի կարիք ունենալ:
Արգանդի վզիկի քաղցկեղն աշխարհում չորրորդ ամենատարածված քաղցկեղն է՝ կանանց մոտ, որից ամեն տարի մահանում է ավելի քան 300,000 մարդ:
Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգը քիչ հասանելի է, կանանց 10-ից գրեթե 9-ը մահանում է այս հիվանդությունից: Հույս կա, որ պատվաստումն ավելի մեծ ազդեցություն կունենա հենց այս երկրներում, քան ավելի հարուստ երկրներում։
Ավելի քան 100 երկիր սկսել է օգտագործել պատվաստանյութը, քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ծրագրում է մոտենալ արգանդի վզիկի քաղցկեղի վերացմանը:
Մեծ Բրիտանիայում աղջիկներին պատվաստումն առաջարկվում է 11-ից 13 տարեկանում՝ կախված նրանց բնակության վայրից: Պատվաստանյութն առաջարկվում է նաև տղաներին՝ 2019 թվականից։
Այսպիսով՝ ՄՊՎ պատվաստանյութը կարող է միայն կանխել վարակը։ Այն չի կարող օրգանիզմն ազատել արդեն ներթափանցած վիրուսից: Վիրուսներն այնքան տարածված են, որ իմունիզացիան պետք է ուղղված լինի երեխաներին՝ նախքան նրանց սեռական ակտիվություն ձեռք բերելը:
Հետազոտությունը, որը հրապարակվել է հանրահայտ The Lancet բժշկական ամսագրում, ուսումնասիրել է, թե ինչ է տեղի ունեցել 2008 թվականին Անգլիայում ՄՊՎ-ով պատվաստված աղջիկների հետ: Այդ աշակերտներն այժմ 20-ն անց մեծահասակներ են: Հետազոտությունը ցույց է տվել թե՛ նախաքաղցկեղային գոյացությունների նվազում, թե՛ արգանդի վզիկի քաղցկեղի 87%-ով կրճատում:
Ընդհանուր առմամբ, ըստ ուսումնասիրությունների, ՄՊՎ ծրագիրը կանխել է մոտ 450 քաղցկեղի դեպք և 17200 նախաքաղցկեղային վիճակ:
Սյուզի Սիրականյան