«Հրապարակ» օրաթերթն այսօր անդրադարձել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, Կապանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Դանիելյանի հոր՝ գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի երեկ կայացած հոգեհանգստին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությանը՝ գրելով․ «Ու թեեւ Փաշինյանի` Կապան այցի հիմնական նպատակը Դանիելյանի հոր հոգեհանգստյան արարողությանը մասնակցելն էր, սակայն դրանում սյունեցիները նաեւ քարոզչական քայլ էին տեսնում` հանուն իշխանական թեկնածուի»։
Թե ինչու է «Հրապարակը» որոշել շահարկել 61-ամյա գեղանկարչի մահն ու հոգեհանգստի արարողությունը, թերևս միայն իրենք կիմանան։ Շրջանառվող որոշ տեղեկություններով՝ իրեն Ռոբերտ Քոչարյանի աջակից համարող Կապանի գործող համայնքապետ և «Շանթ դաշինքի» թեկնածու Գևորգ Փարսյանի շտաբն է «Հրապարակ» օրաթերթին «հուշել» նման եզրահանգումներով հեգնական լուր գրել և քարկոծել մրցակցին անգամ ողբերգական պահին։
Երեկ Կապանում ՔՊ-ական թեկնածու Դավիթ Դանիելյանի հոր հոգեհանգստին ներկա են եղել ոչ միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այլև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ՝ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև Սյունիքում ու Կապանում հայտնի մարդիկ, նաև՝ արվեստագետներ։
Հենց դա, թերևս, խանդ է առաջացրել մրցակցության մեջ մտած իրեն Ռոբերտ Քոչարյանի աջակից հռչակած Գևորգ Փարսյանի շտաբում, որն էլ, շրջանառվող տեղեկություններով, թերթին «հուշել է» նման կերպ շահարկել կորոնավիրուսից մահացած 61-ամյա մարդու մահը։ Ի դեպ, երեկ ուշ երեկոյան Փարսյանը ևս գնացել է Հրանտ Դանիելյանի հոգեհանգստին։ Արդյո՞ք ինքն է փորձել նախընտրական PR անել։