Շարունակվում է Մարտի 1-ի գործը կարճելու դեմ Դատախազության բողոքի քննությունը. Դատախազը դատարանին միջնորդեց դիմել ՍԴ
Շարունակվում է Մարտի 1-ի գործը կարճելու դեմ Դատախազության բողոքի քննությունը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը, մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը, նշեց, որ ՍԴ-ն իր որոշմամբ ասում է, որ այս հոդվածը որոշակի չէ, ինչը նշանակում է, որ հոդվածը չունի դիսպոզիցիա։ «Այսինքն՝ պարզ չէ, թե որ արարքներն են քրեականացված։ Հետևաբար, կարծում եմ, բողոքը շատ հստակ պետք է մերժվի։ Գերծանրաբեռնված դատական համակարգում 4-րդ, թե 5-րդ դատական նիստն ենք իրականացնում, որը, համոզված եմ, եթե տանենք երկրորդ կուրսում, երրորդ կուրսում, չորրորդ կուրսում, ասպիրանտուրայում, ուրիշ պատասխան չի լինելու։ 5 տարի սովորում ենք, սկսում ենք աշխատել, նոր սկսում ենք ինչ-որ բաներ մոգոնել։ Չէ՛, այն, ինչ սովորել ենք համալսարանում, դա ճիշտ է, այդպես պետք է շարունակենք»,- ասաց Արամ Օրբելյանը։

Դատավորը ներկայացրեց, որ դատախազը իրեն ներկայացրել է միջնորդություն՝ սույն գործով ՍԴ դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին։ 

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը մինչ միջնորդությունը ներկայացնելը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով. «Պարոն Օրբելյանն ասաց, որ այն, ինչ մենք սովորել ենք համալսարանում, ճիշտ է, և ինձ մոտ հարցեր առաջացան՝ արդյոք մոտեցումը, թե քրեական դատավարությունը տուժողի իրավունքների պաշտպանությանը ուղղված չէ, և արդյոք այն միտքը, որ վարույթը բացառող հանգամանքը այդ բացառող հանգամանքն ի հայտ գալուց հետո դատական նիստ չպետք է տեղի ունենար, ինձ մոտ հարց է առաջանում,  թե սրանք իրականում քրեական դատավարությանը վերաբերո՞ւմ են, թե՞ ոչ»։ 

Ներկայացնելով միջնորդությունը՝ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ քրեական գործը կարճելու՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ապրիլի 6-ի որոշման դեմ իր կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը հիմնված է այն փաստարկի վրա, որ ՍԴ մարտի 26-ի որոշմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 300,1 հոդվածը ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո  ի հայտ է եկել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նշված՝ ավելի մասնավոր նորմի գործողությունը դադարեցնելուց հետո արարքները դրանց համապատասխանող ավելի ընդհանուր նորմով որակելու անհրաժեշտություն։ «Սակայն Առաջին ատյանի դատարանը, անտեսելով կիրառելի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների Սահմանադրությանն անհամապատասխանությունը, նշված նորմերի հիման վրա քրեական գործի վարույթը կարճել է և Քր. օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը՝ դադարեցրել։ Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը ստուգելիս դարձյալ պետք է կիրառեր Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, ինչպես նաև 266-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, այդ նորմերի՝ ՀՀ  Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու համար միջնորդում ենք դիմել Սահմանադրական դատարան»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը։

Դատական նիստը հետաձգվեց աշխատանքային օրվա ավարտի պատճառով։