Մինչև 18 տարեկանների հիվանդանոցային ծախսերը պետբյուջեի հաշվին են. Մանկական մահացության դեպքերը նվազել են. Ավանեսյան
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները:
«Երեխաների ծառայության առումով պետությունը կատարեց բավական կարևոր քայլ. մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժօգնության ամբողջ ծավալը պետբյուջեի հաշվին է կատարվում: Բայց ինչպես ցանկացած նոր ծրագիր, կարծում եմ՝ սա ևս լուրջ գնահատականի կարիք ունի, որովհետև վերջին մեկ տարվա ցուցանիշները մեզ պիտի ծրագրի հաջորդական լավարկման հուշումներ անեն»,- ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի դիտարկման:
Նախարարի խոսքով՝ այդ նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը այս պահին վեր է հանում ցուցանիշները, թե ինչպես է աճել, օրինակ, 0-1, 1-7, 7-18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության դեպքերի թիվը, ինչքան ուղեգրեր և հոսպիտալացումներ են եղել. «Ամփոփ տվյալներն ունենալիս անպայման կկիսվենք նաև հանձնաժողովի հետ»:
«Վերջին 2-3 տարիներին ունենք մանկական մահացության դեպքերի նվազում, մայրական մահացության առումով, եթե չլինեին, իհարկե, քովիդով պայմանավորված մահերը, ևս ցուցանիշների նվազում ունենք, ինչը երկրի առաջընթացի կարևորագույն ցուցիչներից է: Մոր և մանկան առողջությունը մեր կողմից շարունակելու է մնալ առաջնահերթ հոգածության շրջանակներում»,- նշեց նախարարը և հավելեց, որ քովիդը խաթարեց եղած ձեռքբերումները: