Արարատի մարզի Այնթապ համայնքի 13 փողոցի 1-ին փակուղին 2014 թվականի որոշումով համարվում է փակուղի։ Սակայն նույն փակուղու բնակչուհի Լուսինե Յաղուբյանը Civic.am-ի հետ զրույցում հայտնեց, որ փակուղով անցնում են մեծ բեռնատարներ, որոնք վնասում են թե՛ ճանապարհը, թե՛ իրենց տները։
«Մեր փակուղին դարձրել էին Արարատի մայրուղի, փակուղին էլ նեղ է, իմ տունն էլ ամենավերջին տունն է, և՛ բեռնատարները, և՛ մարդատար ավտոմեքենաները անցնում էին։ Տեղից էլ այստեղի տները ամուր հիմքով չեն, թեկուզ՝ նորակառույցները, ու այդ ամեն մի դղրդոցը նպաստում է, որ տներում ճաքեր առաջանան։ Ամեն տարի վերանորոգում ենք, բայց օգուտ չկա, շուտով երևի պանելները կընկնի։ Ես դիմեցի տարբեր տեղեր՝ մարզպետարան, համայնքապետարան և Մասիսի ՃՈ, էլի ծանուցումներով, որ բերեն տեղադրեն համապատասխան տարբերանշանները, որ սա փակուղի է, որ փակեն։ Ընդհանրապես ոչ մի արձագանք ոչ մի տեղից չեղավ, ստացականները ստացա, որ նամակները ստացել են, դե բնականաբար ստացել են և ուղարկել են համայնքապետարան, որ գյուղապետը զբաղվի քո գործով։ Գյուղապետն է ասում էր նամակը չկա։ Ես էլ ասում եմ նամակը չի կարող չլինել, նույնիսկ գնացի «Հայփոստ» և տնօրենին ասեցի, որ դուք անկախ մարմին եք և չեք կարող նամակները չուղարկել»,- ասաց Լուսինե Յաղուբյանը։
Այնուհետև նա նորից գնացել է Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանի մոտ և ասել, որ եթե փակուղին չփակեն, իր տունը դառնում է վթարային և ինքն է փակելու՝ իր սեփական միջոցներով։
Լուսինե Յաղուբյանի խոսքով, այդ խոսակցությունից որոշ ժամանակ հետո, տեսնելով, որ ոչինչ չի արվում այդ ուղղությամբ, ինքը մասնագետների է կանչել, մետաղյա ձողեր է դրել ադ փակուղու վրա, համապատասխան տարբերանշանն էլ երկու տեղով ամրացրել։
«Դրանից հետո, այս ընտրությունների նախաշեմին, մեծ բողոքի ակցիա բարձրացրին գյուղացիների շրջանում, որ սա 50 տարի ճանապարհ է եղել, ես էլ ասեցի որ 50 տարի առաջ սա նույնիսկ բնակելի թաղամաս չէր, այստեղ մշակովի այգիներ են եղել։ Ես այստեղ ապրում եմ արդեն 13 տարի ու 7 տարի է այդ որոշումը կա, որ սա փակուղի է։ Առաջ մեքենաներն այդքան շատ չէին, բայց վերջին երկու-երեք տարում ավտոմեքենաները շատացան և վիճակն ահավոր է։ Ձողերն ու նշանները տեղադրելուց հետո, նոյեմբերի 4-ին, իրենց ոստիկանները եկել էին առանց որոշման, առանց թույլտվության իրավունքի, և առանց վկայականներ ներկայացնելու, բերել էին աղբահանության աշխատողներին և գյուղապետարանից մի աշխատող, հավաքվել ու քանդում էին ձողերը։ Ես դուրս եկա և թույլ չտվեցի, որ դրանք հանեն, և ցույց եմ տալիս, որ դրա որոշումը կա, որ սա փակուղի է, ես կադաստրով էլ իմ հասցեն փոխել եմ, որ սա փակուղի է, բայց տեղահան արեցին գնացին, որից հետո ես նորից տեղադրել եմ այդ ձողերը»,-ասաց Լուսինե Յաղուբյանը։
Վերջինս տեղեկացրեց, որ այդ օրն այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ ինքն ահազանգել է 1-02։ Նրա խոսքով՝ 50 րոպե սպասելուց հետո ոստիկանությունից իրեն ասել են, որ նրա հասցեն չեն գտնում, ինչից հետո վերջինս ասել է, որ բողոք արձանագրեն, որ քանի որ ոստիկանությունն իր ահազանգին չի արձագանքել, ապա ինքը հրաժարվում է ոստիկանության մատուցած ծառայությունից, և հաջորդ օրը, միջադեպի տեսանյութերն ու լուսանկարները տարել ու հանձնել է 6-րդ վարչություն՝ ներկայացնելով տեղի ունեցածը։
«Ամբողջ գյուղը համոզվեց, որ փակուղին օրինական է, ես ընդամենը ձողերն եմ տեղադրել, չնայած հիմա միայն մարդիկ են անցուդարձ անում, բայց փակուղին այնպես է, որ պետք է փակեն ու ոչ ոք չանցնի»,-ասաց Լուսինե Յաղուբյանը։
Խոսելով նաև համայնքի վիճակի մասին՝ Լուսինե Յաղուբյանն ասաց, որ իրենց փողոցը երկար տարիներ չի բարեկարգվել և չորս ընտանիքով գումար են հավաքել ու փողոցում շեբեն են լցրել, բայց դրանից վիճակ շատ չի փոխվել։
«Անձրևոտ եղանակին, մեր փողոց նավեր են պետք, որ մտնեք։ Այնթապի այլ փողոցներում մաս-մաս ասֆալտապատում անում են, բայց ոչ մեր մոտ, այստեղ նույնիսկ շեբեն չեն լցրել, գազատար խողովակները տեղ-տեղ գնում են գետնի վրայով, նույնիսկ լուսավորության կետ չկա։ Իմ նամակների մեջ կետերից մեկը դա է եղել՝ փակուղու ճանապարհը բարեկարգել, բացի փակելը։ Ինձ պատասխանում էին, որ փակուղի է, ճանապարհները նրբանցքները պետք է վերանորոգենք, երբ փակում ենք, ասում են՝ ինչո՞ւ եք փակել ճանապարհը։ Սա եղել է մեր փակուղու բնակիչների ցանկությամբ, բոլորս էլ ուզում ենք, որ փակվի ու բարեկարգվի»,-ասաց Լուսինե Յաղուբյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ շաբաթական մեկ օր աղբատար մեքենան իրենց փողոցից աղբը տանում էր, այս շաբաթ չի եկել և աղբն իրենց մեքենայով են տարել և այլ աղբավայրում թափել։
Լիլիթ Թադևոսյան