Սփյուռքի նախարարությունը փակելով՝ հսկայական քանակությամբ ավելորդ մեռած հոգիներ են դուրս եկել. Հակոբ Ասլանյանը՝ Արթուր Խաչատրյանին
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանին հարցրեց, թե նախարարությունը փակելով և դարձնելով հանձնակատար՝ «այդ փոփոխությունը կառավարության ծիրին մեջ ինչպե՞ս է արտահայտվել, արդյոք դարձել եք ավելի՞ արդյունավետ»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, արձագանքելով հարցին, նշեց. «Հեղափոխությունից անմիջապես հետո ես ղեկավարել եմ Հայրենիք-Սփյուռք կենտրոն ՊՈԱԿ-ը: Եթե ուրիշ արդյունավետություն չլիներ էլ, միայն էն, որ նախարարությունը փակելով՝ հսկայական քանակությամբ կոռուպցիոն ռիսկեր են ոչնչացվել, հսկայական քանակությամբ ավելորդ մեռած հոգիներ են դուրս եկել, հերիք էր: Հայրենիք-Սփյուռք ՊՈԱԿ-ում 40 հոգանոց խումբ էր, իսկ փակվելուց հետո պարզվեց, որ աշխատողները 29-ն են, և ես 11 հոգու ազատել էի, և ոչ մի բողոք չկար»:
Պատգամավորը նշեց, որ ինքը 2018 թվականին իրականացրել է «Քայլ դեպի տուն» ծրագիրը. «Նախատեսված էր 96 մլն դրամ: Երբ մենք վերահաշվարկ արեցինք, պարզվեց, որ 41 մլն-ով էլ կարելի է այդ նույն ծրագիրը իրականացնել: Այսինքն՝ հեղափոխություն անելով մենք երկրի թալանն են կանգնեցրել»: