Միջազգայնորեն ճանաչում չունեցող երկրներում մեր քաղաքացիները խնդիրներ են ունենում. Ֆիդանյանը՝ ըստ ցանկության անձնագրում քաղաքը կամ գյուղը նշելու մասին
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, հրավիրվել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստին ներկա է նաև Արծրուն Հովհաննիսյանը: Օրակարգի առաջին հարցը ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և Նույնականացման քարտի մասին փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին է:
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց. «Ինչո՞ւ պետք է անձնագրում նշվի ծննդյան վայրը ըստ ցանկության: Ենթադրենք, նշվում է Ապարան, այդ դեպքում նշվո՞ւմ է Հայաստանի Հանրապետություն, թե՞ միայն Ապարանն է նշվելու»:
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, կրկին անդրադառնալով հարցին, ընդգծեց. «Ըստ ցանկության նշվելու է բացառապես մեկ բնակավայր, այսինքն՝ կամ պետք է նշվի ՀՀ, կամ կոնկրետ գյուղ կամ քաղաք: Դա պայմանավորված է նրանով, որ մեր շատուշատ քաղաքացիներ, ծնված լինելով այնպիսի երկրներում, որոնք միջազգայնորեն ճանաչում չունեն, ունենում են խնդիրներ հարևան այլ երկրների հետ»: