Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը ԱՄՆ-ում կայանալիք «Հանուն ժողովրդավարության» համաժողովին

Վարչապետ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Բայդենից ստացել է «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին մասնակցելու հրավեր և հաստատել է իր մասնակցությունը։ Այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Մենք ժողովրդավարության գագաթնաժողովն ընկալում ենք որպես Հայաստանի ժողովրդավարության ուժեղացման հնարավորություն և այդ նպատակի համար ենք ծառայեցնելու այդ համաժողովը», - ասել է նա, պատասխանելով հարցին՝ սա կարո՞ղ է որևէ կերպ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարթակ հանդիսանալ։

Նշենք, որ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը չեն հրավիրվել համաժողովին։

Գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 9-10-ը։ Հիշեցնենք, որ Բայդենը փետրվարին նախագահի պաշտոնում իր առաջին արտաքին քաղաքական ելույթում ասել էր, որ Միացյալ Նահանգները վերադառնում է համաշխարհային առաջնորդություն՝ Չինաստանի և Ռուսաստանի գլխավորած ավտորիտար ուժերին հակազդելու համար: